6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը: Ծրագրի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կտնօրինի իր հայեցողությամբ: Այս ծրագրի ներդրումից հետո կդադարեցվի Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը:
«Շատ կարեւոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որեւէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, եւ մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,- եզրափակիչ ելույթում ընդգծել է նախարարը:
Նախագծին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: