Իրանցի պատգամավորներն արձագանքել են «հայրենակիցների մասին» Ալիևի հայտարարություններին

Օրենսդիր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է այն փաստը, որ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է՝ առանձնանալով Իրանից:
«Ադրբեջանի նախագահը դիտարկումներ է արել թուրքաբնակ տարածքների մասին։ Ես առաջարկում եմ, որ նա կարդա Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ տարածքն է առանձնացվել որ տարածքից։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին այս արտահայտությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին»,- ասել է Հոսեյնին։
Վերջինիս ասածը հնչել է որպես պատասխան Ալիևի հակասական հայտարարությանը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ:
«Թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը» - Սամարղանդում գագաթնաժողովին ասել է Ալիևը։
«Թյուրք երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա մայրենի լեզվով սովորելու այն երկրներում, որտեղ բնակվում է։ Ցավոք, Ադրբեջանի սահմաններից դուրս բնակվող 40 միլիոն ադրբեջանցիների մեծամասնությունը, զրկված է նման հնարավորությունից։ Թյուրքայկան երկրների սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների ուսուցումը մայրենի լեզվով մշտապես պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարվեն։ Ադրբեջանի պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտերկրում բնակվող ադրբեջանցիների իրավունքների, ազատությունների և անվտանգության պաշտպանությանը։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի դառը ճակատագրի բերումով Ադրբեջան պետությունից անջատված մեր հայրենակիցները պահպանեն մեր լեզուն, ավանդույթները, մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարներին և երբեք չխզեն կապերը իրենց պատմական հայրենիքի հետ»,- հայտարարել էր Ալիևը։
Սրան ի պատասխան Հոսեյնին ասել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական են, և եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս:
Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին արձագանքել այս հայտարարություններին։
Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ալի Նիկզադը հեգնել է, որ «թոռը չի կարող ուրանալ իր պապին», և որ Ադրբեջանի նախագահի արտահայտություններն անհիմն են։
Օրենսդիր Մոհամմադ Ռեզա Միրթաջուդդինին այնքան հեռուն է գնացել, որ կոչ է արել միացնել Նախիջևանը: Միրթաջուդինին ասել է, որ Ալիևը իր կարողություններից դուրս արտահայտություններ է արել և մեղադրել է նրան պատմությունը չիմանալու համար:
Դիմելով Ալիևին՝ պատգամավորն ասել է. «Նկատի ունեցեք, որ Ադրբեջանն է անջատվել է Իրանից, ոչ թե հակառակը»։
Հիշեցնենք, որ օրերս Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Իրանում Ադրբեջանի դեսպանին։
«Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանի պաշտոնյաների և ԶԼՄ-ների կողմից հակաիրանական քարոզչության և Իսլամական Հանրապետության դեմ զրպարտչական արշավի ֆոնին», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և ասել, որ Իսլամական Հանրապետության բողոքն արագ կփոխանցի Բաքվին։