Եվրոպական միջազգային կառույցներն են քաղաքական իշխանությանը հասկացրել, թե ստեղծված դատարանն իր նպատակին չի ծառայում.«Ժողովուրդ»
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2018/06/Arm-EU.jpg)
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը և իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը և եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձևավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, և օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, և ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում: «Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, և քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, որ անփառունակ հեռացավ ԲԴԽ-ից»։