Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները          Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում       Դոլարն ու ռուբլին էժանացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 11-ի համար    

30 նոյ 2022 13:53

Թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կիսում 2020 թ. Արցախյան պատերազմից թալանածը

Մինչ Հայաստանն ամոքում էր 2020 թվականի Արցախյան պատերազմի իր վերքերը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ժամանակ չէին կորցնում հավաքվելու և իրենց ընտանիքների ու մտերիմների միջև բաժանելու Արցախի և շրջակա տարածքների գրավումից ձեռք բերված ավարը։

Ադրբեջանցի լրագրող Ուլկար Նաթիքկըզին հոկտեմբերի 24-ին eurasianet.org կայքում հրապարակեց իր հետաքննական հոդվածը՝ ««Եղբայրական» Ադրբեջանն ու Թուրքիան շահավետ ղարաբաղյան բիզնեսի կապեր են կառուցում» վերնագրով։ Այն բացահայտում է, թե ինչպես են երկու նախագահներն իրենց ընտանիքի անդամների և մտերիմների միջև բաժանել Արցախից թալանածը։

Նաթիքկըզին գրել է, որ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած ընկերություններն ստացել են առնվազն հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր, մասնավորապես՝ Ղարաբաղում այն տարածքների վերականգնման համար, որոնք Ադրբեջանը հետ է վերցրել պատերազմում… Զանգիլանի [Կովսական] շրջանում գտնվող գյուղատնտեսական նոր խոշոր համալիրներից մեկում Էրդողանի ընտանիքի անդամները բիզնես գործընկերներ են նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ»:

2022 թվականի հոկտեմբերին Էրդողանն ու Ալիևը միասին շրջեցին «Դոստ [Բարեկամ] ագրոպարկում», որը 100 միլիոն դոլար արժողությամբ մի նախագիծ է, որտեղ, վերջնարդյունքում աշխատելու է 500 մարդ և բուծելու են մինչև 10000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։ Երկու նախագահները՝ «Պատրաստված է Ղարաբաղում» պիտակներ են փակցրել «Դոստ ագրոպարկի» կողմից տարածաշրջան բերված խոշոր եղջերավոր անասունների մսամթերքի փաթեթների վրա։

Էրդողանին ուղեկցել է «Աբդուլքադիր Քարագյոզը, որը «Դոստ Զիրաաթի» սեփականատերն է և «Դոստ ագրոպարկում» թուրք ներդրողը»։ Քարագյոզը «Էրդողանի ընտանիքի անդամն է. նա ամուսնացած է Էրդողանի զարմուհու՝ Էրդողանի եղբոր՝ Մուստաֆա Էրդողանի դստեր հետ»։ 2016 թվականին նրանց ամուսնությունից անմիջապես հետո, երբ Էրդողանի ընտանիքի անդամները միացան նրա ընկերությանը, «Քարագյոզն սկսեց շահել զգալի քանակությամբ պետական պայմանագրեր, որոնցից շատերին մասնակցել է միայն նրա ընկերությունը»։

Նախագահ Ալիևի պաշտոնական կայքում ասվում է, որ «Ագրոպարկ նախագծի առաջին փուլում կառուցվել են գրասենյակային շենքեր, 5200 քառ․ մ փակ և 113000 քառ․ մ բացօթյա անասնաբուծական համալիրներ, զբոսանքի տարածքներ, սրճարան, կինոթատրոն, հանգստի գոտի, լողավազան և սպասարկող անձնակազմի համար նախատեսված շենքեր։ Համալիր է բերվել ընդհանուր առմամբ 3500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և իրականացվել է գյուղատնտեսական արտադրություն։ Երկու նախագահների մասնակցությամբ ավարտվել է նախորդ տարի ցանված ցորենի և գարու բերքահավաքը»։

Էրդողանի դաշնակիցներից մեկը, որը կառավարում է Ագրոպարկը, Մեհմեդ Զեքի Թուղրուլն է՝ ընկերության գործադիր տնօրենը, Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի խորհրդի նախկին անդամը:

«Ադրբեջանական կողմից [Ագրոպարկում] ներդրողը «Pasha Investments»-ն է՝ «Pasha Holding» ընկերության մի մասը, որը միավորում է Ալիևի կնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին պատկանող բոլոր ընկերությունները», պարզաբանել է eurasianet-ը:

Էրդողանի՝ վերջին ամսվա այցի ընթացքում, նրան միացել են «Ջեմալ Քալյոնջուն՝ «Քայլոն հոլդինգի» նախագահը, Մեհմեդ Չենգիզը, «Չենգիզ հոլդինգի» նախագահը և Յըլդըրըմ Դեմիրորենը՝ «Դեմիրորեն հոլդինգի» նախագահը։ Երեքն էլ միացել էին Էրդողանին՝ Ղարաբաղ նրա նախորդ այցի ժամանակ»։

««Չենգիզը» և «Քալյոնը» հայտնի են դարձել որպես «Հինգի բանդայի» երկու թուրքական ընկերությունները, որոնք սերտ կապեր ունեն Էրդողանի ու իշխող կուսակցության հետ և որոնք Էրդողանի կառավարման տարիներին շահել են պետական ամենախոշոր մրցույթներ»: Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է, որ Էրդողանի զարմուհու հետ իր ամուսնությունից հետո մեկ տարվա ընթացքում «Քարագյոզը ընդհանուր առմամբ շահել է տասը մրցույթ Ստամբուլի քաղաքապետարանից և որոշ հանրային ընկերություններից»:

Նաթիքկըզին հաղորդում է, որ «Ե՛վ «Քալյոնը», և՛ «Չենգիզը» շահութաբեր պայմանագրեր են կնքել Ղարաբաղում աշխատանքի համար …ներառյալ ճանապարհների կառուցումը և երեք հանքերի, մասնավորապես՝ ոսկու և պղնձի շահագործումը: «Քալյոնը» կառուցում է Հորադիզ-Աղբանդ երկաթգիծը, որը նախատեսված է որպես Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու մի մաս՝ Հայաստանի հարավով։ Նախատեսվում է, որ այդ նախագիծը կարժենա ավելի քան 180 միլիոն դոլար և կավարտվի 2023 թվականին»։ 

Ըստ eurasianet-ի երկրորդ հոդվածի, որը վերնագրված է «Թուրքական ընկերությունները օգտվում են Ադրբեջանի հաղթանակից», ասվում է, որ «մեկ այլ ընկերություն, որը ղեկավարում է Մեհմեթ Չենգիզը, շահել է պայմանագիր Ադրբեջանի պետական ջրային տնտեսության ընկերության կողմից՝ հսկայական հիդրոէլեկտրակայան ջրամբարի կառուցման համար», հաղորդում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP)»։ Շահումից հետո Չենգիզի կողմից վերահսկվող ընկերությունը վճարել է օֆշորային ընկերությանը, որն իր հերթին գնել է շքեղ բնակարան Լոնդոնում, ուր ապրում էր ջրային ընկերության այն ժամանակվա ղեկավարի որդին»:

Բացի այդ, «Հինգի բանդայի» մեկ այլ ընկերություն՝ «Քոլին Ինսաաթը», «նաև շահավետ ճանապարհաշինական պայմանագիր է ձեռք բերել Ղարաբաղում՝ «Հաղթանակի ճանապարհը» կառուցելու համար դեպի Շուշա [Շուշի] ադրբեջանական «Ազվիրթ» ընկերության հետ միասին։ «Քոլինը» նաև ներգրավված է եղել Ագալի գյուղում շուկայի ստեղծման գործում (գտնվում է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության փողոցում»), որտեղ տեղափոխվել են Ղարաբաղում վերաբնակված առաջին մի քանի ադրբեջանցիները»։

Թուրքական մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Դեմիրորեն հոլդինգը», 2021 թվականին 10 տարվա պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական վիճակախաղը վարելու համար և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ «40 միլիոն դոլար արժողությամբ դեղագործական գործարան կառուցելու համար»:

Նաթիքկըզին հայտնել է, որ «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կառավարությունը մոտ 2,9 միլիարդ դոլար է հատկացրել Ղարաբաղում վերակառուցման և վերականգնման ծրագրերի համար: Մանրամասներ չեն հրապարակվել այն մասին, թե որ երկրների ընկերություններն են պայմանագրեր ստանում, բայց բարեկամ համարվող այլ երկրներ, ներառյալ Իտալիան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան, ևս պայմանագրեր են ստացել: Սակայն թուրքական ընկերությունները, ըստ երևույթին, պայմանագրերի ամենամեծ շահողներն են: Բաքվում Թուրքիայի դեսպանատան տվյալներով՝ Ղարաբաղում գործում է մոտ 30 թուրքական ընկերություն։ «Այդ ընկերություններն արդեն ներդրել են 1 միլիարդ դոլար, և այդ ներդրումները կշարունակեն աճել», ասել է Բաքվում Թուրքիայի գլխավոր առևտրային խորհրդական Յակուբ Սեֆերը։

Նաթիքկըզին գրել է, որ երբ իտալացի լրագրողն Ալիևից հետաքրքրվել է Արցախում աշխատանքի մի մասը իտալական ընկերությունների կողմից ստանալու հեռանկարների վերաբերյալ, Ալիևն ասել է, որ «Իտալիան կլինի երկրորդ տեղում՝ Թուրքիայից հետո։ «Նա մեր հարևանն է, և նրանք ունեն շատ հայտնի շինարարական ընկերություններ», ասաց նա Թուրքիայի մասին: «Որովհետև նա մեր դաշնակիցն է և մտերիմ ընկերը»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր