9-րդ օրն է ճանապարհը շարունակում է փակ մնալ, պետք է պատրաստ լինել հնարավոր բոլոր սցենարներին

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Պետնախարարն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:
Առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պատնախարարը կարևորել է ի հայտ եկող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը:
Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին: Նշվել է, որ մշտապես դիտարկումներ են իրականացվում, խնդիրներն արձանագրվում են և փորձ է արվում դրանց արագ ու արդյունավետ լուծումներ գտնել:
Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:
Կարևորելով խնայողությունների իրականացումը՝ պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: