Հոգևոր հովիվը հավատացյալներից լուրջ գումարներ է գանձում «հրաշքների» համար. առաջարկել է 1160 դոլար, որ «տեսնի» Աստծուն դրախտում
Հարավաֆրիկացի հոգևոր հովիվը վերջերս համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա հավատացյալներից լուրջ գումարներ է գանձում «հրաշքների» համար:
Օրինակ, ինչպես գրում է Oddity Central-ը, նա խոստացել է համապատասխան վճարի դիմաց այնպես այնել, որ հավատացյալը, առանց մահանալու, «տեսնի» Աստծուն դրախտում:
Դեկտեմբերի 25-ին հովիվ Մ.Ս. Բուդելին նախատեսում է անցկացնել իր Երկրպագության համաժողովը, հատուկ միջոցառում, որտեղ մարդիկ կարող են լսել նրա քարոզները և մասնակցել հատուկ աղոթքներին: Միակ խնդիրն այն է, որ այսպես կոչված «հատուկ աղոթքները» էժան չեն:
Հոգևոր հովիվը սոցցանցերում անգամ հրապարակել է համապատասխան գովազդային պաստառ, ըստ որի՝ Բուդելին կարող է օգնել մարդկանց «տեսնել իրենց ապագան» իրենց իսկ սմարթֆոններում, չեղարկել բոլոր ֆինանսական պարտքերը և նույնիսկ օգնել «տեսնել» Աստծուն: Մարդիկ միայն պետք է ներկայանան նրա «Երկրպագության համաժողովին» և վճարեն հատուկ աղոթքի վճարները:
Օրինակ՝ «Աստծուն դրախտում տեսնելու համար» մարդիկ պետք է վճարեն 20 000 ռանդ (1160 դոլար), եթե ուզում են, որ իրենց ունեցած բոլոր պարտքերը չեղարկվեն, պետք է տան 5000 ռանդ (290 դոլար), որպեսզի ամուսնանան հենց հաջորդ օրը, պետք է վճարեն 10 000 ռանդ (580 դոլար), իսկ ապագան սմարթֆոնում տեսնելու համար՝ 20 000 ռանդ (1160 դոլար):