Որդուն աշխատանքի վերցնելու դիմաց առաջարկել է իր լյարդը տալ տվյալ ընկերության ղեկավարին
Հարավային Կորեայի բնակչուհին որդուն աշխատանքի վերցնելու դիմաց առաջարկել է իր լյարդը տալ տվյալ ընկերության ղեկավարին. այժմ կորեուհին հայտնվել է դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է Hankyoreh-ը։
50-ամյա մի կին, որը հայտնի է որպես Կ., ընկերուհուց տեղեկացել է, որ խոշոր շինարարական ընկերության նախագահը ծանր հիվանդ է և լյարդի փոխպատվաստման կարիք ունի։ Ընկերուհին, իր հերթին. Կ.-ին կապի է հանել ընկերության աշխատակցուհու՝ Ն.-ի հետ, որից էլ նա տեղեկացել է ղեկավարի հիվանդության մանրամասների մասին։
Արդյունքում կնոջը հաջողվել է հանդիպման գնալ ընկերության նախագահի որդու հետ:Հանդիպմանը Կ.-ն հայտնել է, որ պատրաստ է 100 մլն վոնի, ինչպես նաև ընկերությունում իր որդու աշխատանք ստանալու համար ընկերության ղեկավարին տալ լյարդը։ Նախագահի որդին համաձայնել է այս պայմաններին։ Մարտի 7-ին Կ.-ն գնացել է Սեուլի հիվանդանոց՝ մինչ օրգանի փոխպատվաստումը անալիզներ հանձնելու։ Նա ներկայացել է որպես նախագահի հարս։ Մեկ շաբաթ անց բժիշկները հաստատել են, որ Կ.-ն համապատասխան դոնոր է:
Բայց այն բանից հետո, երբ նա հոսպիտալացվել է փոխպատվաստման համար, կնոջ մոտ ախտորոշվել է COVID-19:Սրա պատճառով վիրահատությունը ստիպված են եղել հետաձգել։ Մինչ Կ.-ն մնում էր հիվանդանոցում, բուժքրոջ մոտ կասկածներ են առաջացել, որ կինն իսկապես հիվանդի հարսն է։ Նա այս մասին տեղյակ է պահել օրգանների ապօրինի առևտուրը հետաքննող ծառայությանը: Դրա հետևանքով վիրահատությունը չեղարկվել է։
Կորեայում խստիվ արգելված է մարդու օրգանների վաճառքը. օրենքի համաձայն՝ յուրաքանչյուրը, ով խոստանում է որևէ օրգանի դիմաց տալ կամ ստանալ գումար կամ որևէ այլ փոխհատուցում, պատժվում է։
Մինչ նախաքննությունն ու դատավարությունը շարունակվում էր, շինարարական ընկերության նախագահը մահացել է։
Երբ Կ.-ն ներկայացել է դատարան, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել, քանի որ չի իմացել, որ խախտում է օրենքը։
«Ես կարծում էի, որ տղաս կկարողանա աշխատանքի անցնել, եթե վիրահատությունը լավ անցնի: Ինձ մղում էր ագահությունը, քանի որ ինձ փող էին խոստանում»,- ասել է նա:
Դատարանը Կ.-ին նշանակել է երեք միլիոն վոնի տուգանք։ Ն.-ն և ևս մեկ անձ, որոնց դատարանը համարել է կնոջ հանցակից, դատապարտվել են ազատազրկման: