Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

26 դեկ 2022 10:14

Անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել,քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայում  ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու փաստին և արձագանքել է դրա վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիտարկմանը։


Արարատ Միրզոյանը հարցազրույցի ընթացքում պատասխանել է նաև Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարությանը։

Հարցազրույցը՝ ստորև․


-  Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։


- Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն։


- Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։




- Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:


Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։


- Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։


-Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։


Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:


Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր