Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

26 դեկ 2022 14:59

Զիջումների չպիտի գնա նաև Հայաստանը.Ադրբեջանը խելացի վարվեց,նման քայլի դիմեց այն ժամանակ, երբ իր տեղաշարժի համար բոլոր տարածքները վերցրեց հսկողության տակ

15-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։


168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ օգոստոսի 25-ին Բերձորի հանձնումից առաջ ու հետո էլ պատկերացնում էին, որ նման իրավիճակ է լինելու։


«Հիշեցնեմ, որ մինչև Բերձորի հանձնումն արդեն գազի հետ կապված նախադեպ ունեինք։ Բերձորը չհանձնելով՝ մենք կունենայինք լծակ, որով հնարավոր կլիներ նման դեպքերում ինչ-որ ձևով փակել նաև իրենց հյուսիս-հարավ գնացող ճանապարհը և դրանով կստիպեինք ինչ-որ հարցեր լուծել։ Բայց չունենք Բերձոր ու ունենք արդեն 15 օր շրջափակված Արցախ։




Արցախցին, Արցախում ապրողը պետք է լինի միասնական՝ սա միանշանակ է, բոլորս պետք է միասնական լինենք, այդ թվում՝ Հայաստանում, սփյուռքում ապրող հայերը։ Մենք ունեցել ենք օրինակը, երբ լինելով միասնական՝ մեզ մոտ շատ հարցեր լուծվել են։ Այս պարագայում պետք է նաև միջազգային գործոնը հաշվի առնել, նաև արտաքին հարաբերություններում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջազգային կազմակերպությունները, այլ երկրներ սկսեն շատ ավելի ուշադրություն դարձնել, քանի որ 15 օր ճանապարհը փակ մնալով՝ իր հետ խնդիրներ է բերելու։ Կարող է գալ մի պահ, երբ հնարավոր չլինի նույնիսկ դեղորայք տեղափոխել»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը։


Ըստ նրա, Հայաստանը կարող էր Բերձորը չհանձնել և գնար սակարկումների ճանապարհով, սակայն թշնամին շատ ավելի խելացի գտնվեց, նման քայլերի չդիմեց այն ժամանակ, երբ Բերձորն ու Աղավնոն դեռ հայկական վերահսկողության տակ էին։


«Ադրբեջանը նման քայլի դիմեց այն ժամանակ, երբ իր տեղաշարժի համար բոլոր տարածքները վերցրեց հսկողության տակ: Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի փակումով հայկական կողմը չի կարողանալու նրա տեղաշարժի համար խոչընդոտներ ստեղծել։ Հայկական կողմը լավ գիտեր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ շատ կետեր կան, որոնք Ադրբեջանը չի կատարել, սակայն բոլոր կետերը մենք կատարում ենք։


Հիմա մենք որքան էլ փորձենք Ռուսաստանին չմեղադրել, բայց այդ նույն հայտարարությամբ նշված է, որ միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Մենք որքան էլ մտածենք, որ իրենք զենք կամ ուժ կիրառելու իրավասություն չունեն, հաշվի առնելով այն, որ նրանք խաղաղապահ են, բայց ամենասկզբում զենքի կամ ուժի կիրառման խնդիր չկար, պարզապես ադրբեջանական «ակտիվիստների» մուտքը պետք է փակվեր, երբ նրանք դուրս էին գալիս այդ ճանապարհի վրա»,- շեշտեց Նարեկ Ալեքսանյանը։


Արդյոք երկու տարին բավարար չէ՞ր այլընտրանքային ճանապարհի կառուցման համար. հարցի վերաբերյալ Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց, որ բավարար էր, սակայն չգիտի, թե այլընտրանքային ճանապարհը դեպի Ստեփանակերտ որտեղով պետք է լիներ, կամ գոնե մինչ այս պահը դրա վերաբերյալ ինչ է արված։


«Ենթադրում եմ, որ զուտ բանակցությունների միջոցով թշնամին այդ ճանապարհը չի բացի։ Ամեն դեպքում, եթե բանակցությունները լինեն առանց նախապայմանների ու զիջումների, ենթադրում եմ՝ չեն բացելու։ Թշնամուն ճանաչելով՝ հասկանում ենք, որ այս ամբողջ ընթացքում իրենք ներկայացնում են որոշակի պահանջներ ու ճանապարհի բացումը պատկերացնում են այդ պահանջների մասամբ կամ ամբողջական կատարման դեպքում։ Պահանջներն Արցախի համար անընդունելի են, Արցախը նաև անընդունելի է համարում, որ ինչ-որ բաներում Հայաստանը գնա զիջումների։ Այս ընթացքում մենք շատ ավելին ենք զիջել։ Եվ զիջումներ կորզելու համար ճանապարհ փակեն ու գազ անջատեն՝ սա իրականում արդեն անընդունելի է»,-եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:


Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր