Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

04 հուն 2023 11:09

ՀՀ ԱԳՆ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել.շոշափելի է դառնում թերսնման վտանգը

Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է, շոշափելի է դառնում թերսնման վտանգը: Այս մասին ասվում է Լաչինի միջանցքը վերաբացելու վերաբերյալ` ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած նոր հայտարարության մեջ։
«Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ գտնվելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ հայտնվել է փաստացի գերեվարված կարգավիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։
«Անհրաժեշտ ենք համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
«Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում է 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետևանքները քննարկելու նպատակով։
«Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է նաև ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ (այս մասին հայտարարություն չի ընդունվել,–խմբ.)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր