Կտրոնային համակարգին են անցնում Արցախում.Նոր տեղեկություններ Արցախից
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2023/01/324864519_466042795742178_4508126825236639929_n.jpg)
Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:
Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել օպերատիվ շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերի և բնակչության հետ ունեցած հանդիպումների մասին: Նշվել է, որ բարձրացված հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց կտրոնային համակարգի ներդրմանը:
Պետնախարարը հանձնարարել է ամփոփել հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները. «Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոք-դժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն», -ասել է նա:
Պետնախարարին ներկայացվել է նաև ճանապարհների իրավիճակը, ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացքը: Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին: Կարևորվել է այս ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:
Անդրադարձ է եղել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին: Պետնախարարը հանաձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում իրավիճակը կարգավորելու առումով: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:
Զեկուցվել է նաև պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։