«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

11 հուն 2023 14:23

Գերմանացի հիվանդի համար ադրբեջանական շրջափակումը կարող է ճակատագրական լինել

Ցողունային բջիջների փոխպատվաստման խիստ կարիք ունեցող Գերմանացի հիվանդը, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, կարող է կորցնել համատեղելի դոնորից փոխպատվաստում ստանալու հնարավորությունը,  հայտարարել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը (ABMDR):


Հունվարի 10-ին Գերմանական ոսկրածուծի դոնորների ռեեստրը «Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային Բանկում»  գտել է հայկական ռեեստրում կամավորագրված համատեղելի դոնոր, որը Արցախից է և այս պահին գտնվում է շրջափակման մեջ։


Համաձայն ընդունված ընթացակարգի, մինչ փոխպատվաստման իրականացումը Հայկական ռեեստրը պետք է իր գերմանական գործընկերոջը ուղարկի դոնորի արյան նմուշները՝ վերջնական համատեղելիությունը պարզելու նպատակով ։


Այս մարդասիրական գործընթացը փակուղի է մտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով, որը այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ «Մեր կամավոր դոնորը Արցախում պատրաստակամություն է հայտնել տրամադրել արյան նմուշներ, հետագայում նաև նվիրաբերել իր ցողունային բջիջները՝ օգնելու փրկել Գերմանիայում ծանր հիվանդությամբ տառապող հիվանդի կյանքը», - ասաց Ռեեստրի գործադիր տնօրեն դոկտոր Սևակ Ավագյանը: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից արդեն հինգ շաբաթ ձգվող Արցախի շրջափակման պատճառով մեր դոնորը ֆիզիկապես անհասանելի է մեզ համար։ Այս պահին անհնար է նրանից  արյան նմուշառում կատարել  և հետագայում նա չի կարողանա գալ Երևան՝ ռեեստրում իր ցողունային բջիջների նվիրաբերման համար»:


«Սա իսկապես շատ ողբերգական իրավիճակ է, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանի շրջափակումը խոչընդոտում է այնպիսի միջազգային մարդասիրական ծրագրերին, ինչպիսիք են ցողունային բջիջների փոխպատվաստումը», - նշում է ՈԴՀ Ռեեստրի  նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը և շարունակում, « Մենք այստեղ ենք անելու ամեն հնարավորը փրկելու այն հիվանդներին, ովքեր մեր կարիքն ունեն, սակայն այս պահին մենք անարդար կերպով զրկված ենք մեր մարդասիրական առաքելությունը իրականացնելու հնարավորությունից։ Անհնար է  գերագնահատել այն իրավիճակը, երբ հիվանդը պայքարում է կյանքի համար՝ սպասելով փոխպատվաստմանը և յուրաքանչյուր րոպեն խիստ կարևոր է»:


Բժիշկ Ջորդանը հավելեց, որ Ռեեստրը դիմել է Միջազգային Կարմիր Խաչին՝ արցախցի դոնորից արյան  նմուշները փոխանցմանը օժանդակելու համար:


Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:


Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  33.500 դոնոր, համընկնող ավելի քան 9000 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր