Պարեկները փրկել են շնչահեղձ լինող 20 օրական երեխայի կյանքը

Վերջիններս գրկելով երեխային՝ պարեկային ծառայության մեքենայով մեծ արագությամբ հասցրել են «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ և հաջողվել է փրկել նորածնի կյանքը։
Այս մասին Aravot.am-ին պատմեց Գուրգեն Մանուկյանը՝ փոխանցելով նաև երեխային հիվանդանոց տեղափոխելու ընթացքում ունեցած իր ծանր հոգեապրումները։
«Մենք պարեկային ծառայություն ենք իրականացնում Ղարիբջանյան խճուղիում, ավտոմեքենա էր կանգնած, բարձր, արտասովոր ձայներ լսեցինք, անմիջապես մոտեցանք, տեսնեինք՝ ինչ էր պատահել։ Տեսանք ծնողների՝ շփոթված, խառնված, երեխային մոլորված գրկել էին, օրորում էին, չգիտեին՝ ինչ է կատարվում, փոքրիկը շնչահեղձ էր լինում։
Գրկեցի երեխայի, նստեցինք մեր ավտոմեքենան, ընթացքում կապ տվեցինք մեր ծառայակիցներին, որ ճանապարհները փակեն՝ երեխային կարողանանք առանց խոչընդոտների, վայրկյան առաջ հասցնել հիվանդանոց։ Երեխան ցնցումների մեջ էր, կապտած, շատ վատ էր, մենք էլ էինք շփոթված, բայց պիտի փրկեինք երեխայի կյանքը։ Մի կերպ տեղ հասցրեցինք, ծնողները հաստատ չէին կարողանա այդքան արագ տեղ հասցնել, հատկապես, երբ շատ վատ վիճակում էին։
Երեխային թթվածին տվեցին, կաթիլային միացրեցին, երբ չբացեց աչքերը, չգիտեի՝ հուզմունքից ինչ անեի։ Ծնողները բնականաբար մեզանից ուշ հասան, չեք պատկերացնի նրանց ուրախությունը, ինչքան երախտապարտ էին, որ երեխան փրկվեց։ Հետո իմացանք, որ այդ մի երեխան ունեին, երկար տարիներ երեխա չեն ունեցել։ Երեխան 20 օրական էր։
Երբ մտանք հիվանդանոց, բոլորը զարմացած մեզ էին նայում, թե մենք ի՞նչ գործ ունենք այնտեղ։
Այդուհանդերձ հասկացան, որ անկարգ վարորդներին տուգանելուց բացի պարեկները նաև մարդկային կյանքներ ենք փրկում»,- ասաց Գուրգեն Մանուկյանը։