Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խաղերի զոհը՝մեսխեթցի թուրքերը. Երևում է, նրանց կրկին խոստացել են վերաբնակեցնել Խոջալուում

Փաստը ֆիքսել ու բարձրաձայնել է արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը, որն ուշի ուշով հետևում ու դիմակազերծում է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած «բնապահպաններին»։
Այս անգամ արցախցիների նկատմամբ իրականցվող հանցագործության վայրում է Մևլուդ Իշիկը, որը մեսխեթցի թուրքերի «Վեթեն» հասարակական միավորման փոխնախագահն է, ինչպես նաև ահիսկա թուրքերի միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ է։
Ղուլյանը գրում է, որ մեսխեթցի թուրքերը 1989-1991 թվականներին Ուզբեկստանի Ֆերգանա հովտից բերվել ու վերաբնակեցվել են «Խոջալուում» ուզբեկների և ահիսկա թուրքերի ազգամիջյան հակամարտությունից՝ «Ֆերգանայի ջարդերից» հետո՝ որպես Արցախի թուրքացման Ադրբեջանի քաղաքականության մի մաս։
«Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն։ Նրանց թողեցին բախտի քմահաճույքին` ենթարկելով մահացու վտանգի և դարձնելով Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խաղերի զոհը։ Երևում է, մեսխեթցի թուրքերին կրկին խոստացել են վերաբնակեցնել Խոջալուում»,-գրում է Ղուլյանը։
