Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 հուն 2023 13:07

Նախքան մարտի 1-ը ժամանակ կա, ՌԴ-ի հայերը դեռևս հնարավորություն ունեն հայկական անձնագրերով դուրս գալու ՌԴ տարածքից, հետո վիճակը կբարդանա

Ռուսաստանի Պետդումայում քննարկվում է օրենքի նախագիծ, որով վերահսկվելու է օտարերկրացիների՝ ՌԴ տարածքը լքելու գործընթացը։ Lragir.am-ի հետ զրույցում միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ հայտնեց նախագծի մասին։


«Պետդումայում օրենքի նախագիծ է քննարկվում, ամենայն հավանականությամբ այն կընդունվի։ Ըստ այդմ՝ մարտի 1-ից այն օտարերկրացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, եթե ցանկանում են հատել սահմանը, դուրս գալ երկրից, մեկ շաբաթ առաջ ՌԴ պատկան մարմիններին պետք է տեղեկացնեն այդ մասին։ Նպատակն այն է, որ այդ մեկ շաբաթը բավարար ժամանակ է, որպեսզի ճշտեն՝ այդ մարդը երկքաղաքացիություն ունի, թե ոչ։ Եվ եթե պարզվի, որ անձն ունի նաև երկքաղաքացիություն, իսկ ՌԴ քաղաքացի տղամարդկանց տեղաշարժը սահմանափակված է արդեն, հնարավոր է, որ թույլ չտան, որպեսզի նրանք դուրս գան երկրից»,- ասաց Տաթևիկ Բեժանյանը։


Ռուսական անձնագիր ունեցող Տաջիկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներն  արդեն ահազանգել էին, որ իրենց արգելվում է լքել ՌԴ տարածքը։ Ռուս սահամանապահները նրանց տեղեկացրել են, որ ընդգրկված են մոբիլիզացիայի ցուցակում և մինչև փետրվարի 12-ը չեն կարող լքել ՌԴ տարածքը։ Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ ՌԴ անձնագիր ունեցող հայերից դեռևս նման ահազանգներ չեն ստացել այս օրերին, բայց տեղեկացվել են, որ Պետդումայում քննարկվում է վերոնշյալ օրենքի նախագիծը։


«Այս նախագծով ստացվում է, որ երկքաղաքացիություն ունեցողների ելքը ՌԴ-ից ևս սահմանափակվում է։ Նաև այս մոբիլիզացիայի տարիքային շեմն է բարձրացվել, դարձել է 45։ Բայց դա էական չէ, քանի որ նախկին մոբիլիզացիայի դեպքում սահմանված տարիքային շեմը 35 է, բայց 55 տարեկաններին էլ էին տանում։ Արդեն ահազանգեր կան, որ կալանավայրերում հաշվի չեն առնում մարդկանց քաղաքացիությունը և ուղղակի նրանց լցնում են փակ մեքենաները, նույնիսկ չեն էլ ասում՝ ուր են տանում։ Ահազանգեր կան, որ նրանց ուղարկում են Ուկրաինա։ Հայաստանի քաղաքացիներից այդպիսի ահազանգեր չունենք, բայց գիտենք, որ այն քրեակատարողական հիմնարկները, որտեղից մարդկանց տանում են, այնտեղ կան նաև ՀՀ քաղաքացիներ։ Այդ ահազանգը ուզբեկ և ղրղըզ գործընկերներից ենք ստացել»,- նշեց նա։


Տաթևիկ Բեժանյանը հավելեց, որ նախքան մարտի մեկը ժամանակ կա, Ռուսաստանի հայերը դեռևս հնարավորություն ունեն հայկական անձնագրերով դուրս գալու ՌԴ տարածքից։ Նախագծի ընդունման դեպքում նրանց վիճակը կբարդանա։ Ըստ մասնագետի՝ ստացվում է, որ ՌԴ իշխանությունները օրենսդրական փոփոխությունների միջոցով տոտալ վերահսկողություն են սահմանում նաև օտարերկրացիների նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր