Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

04 փետ 2023 14:10

Հայաստանը Փաշինյանի տունը չէ, որ ում ուզի կթողնի իր տուն մտնել, ում էլ ուզի՝ ոչ, Սինանյանն էլ շարունակ բաժանում է Սփյուռքը հայրենիքից

«Հայաստանը Փաշինյանի տունը չէ. նա այդտեղ պարզապես պաշտոնյա է աշխատում: Հայաստանն ամբողջ աշխարհի հայության հայրենիքն է»,- 168.am-ի հետ զրույցում, արձագանքելով իշխանությունների կողմից սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքի մասին հերթական որոշմանը, ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդականի՝ «Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագավորյանն օրերս տեղեկացրել էր, որ իր մուտքը Հայաստան արգելվել է:


Նկատենք՝ ավելի վաղ նման որոշումներ էին կայացվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի, Հոլանդիայի Հայ դատի Հանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամյանի և ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի առնչությամբ:


Այս առնչությամբ հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել էր.


«Եթե կոնկրետ պատճառների մասին եք ուզում հարցնել, պետք է դիմեք ԱԱԾ-ին։ Բայց որքանով ես տեղյակ եմ, բոլոր մարդիկ, որոնք մուտքն արգելվել է, բոլորը կապված են մեկ միջադեպի հետ, մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա հարձակման համար»:


Հարցին՝ այսինքն, ով փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել, պետք է նրանց մուտքն արգելվի՞ հայրենիք, Զարեհ Սինանյանը պատասխանել էր. «Բայց մեքենայի վրա ձու նետելը գրեթե որևէ տեղ ընդունելի բան չէ»:


Հարութ Սասունյանը հանձնակատարի այս պարզաբանման առնչությամբ էլ շեշտեց. «Պարոն Սինանյանը, ինչպես միշտ, ստում է: Ես սա ասում եմ մեծ ցավով, որովհետև նա փողոցից մի մարդ չէ, որ կարող է սուտ ասել և այդ սուտը որևէ հետևանք չունենա, այլ պետական պաշտոնյա է, որ ժողովրդի հարկերով է աշխատում, որպեսզի աշխատանք տանի ի նպաստ հայրենիքի: Բայց, դժբախտաբար, ինքն իր աշխատանքն առաջին օրից մինչև օրս՝ 3 տարում չի արել. նա սխալմամբ մտածում է, թե իր պաշտոնը Փաշինյանին գովասանք անելն է:


Սինանյանը շարունակ բաժանում է սփյուռքը հայրենիքից, մեկ կազմակերպությունը՝ մյուսից, մեկ անհատը՝ մյուսից, և անում է նույն բանը, ինչ իր շեֆը՝ Փաշինյանն է անում. սևուսպիտակ, հայաստանցի- արցախցի, սփյուռքահայ»:


Այս գործելաոճի «նպատակների» մասին սփյուռքահայ գործիչը հակիրճ է խոսում՝ նկատելով, որ այսկերպ ուղղակի փորձ է արվում թուլացնել ժողովրդին, որպեսզի չկարողանա պայքարել և պատրաստ լինի զիջումների:


«Իսկ ով որ բողոքում է Փաշինյանի զիջումների մասին՝ եթե այդ բողոքողը պետական պաշտոնյա է, պաշտոնից հանում են, եթե ցուցարար է, ձերբակալում են, եթե սփյուռքահայ է, չեն թողնում իր հայրենիք գա: Փաշինյանն այնպես է վարվում, որ կարծես՝ Հայաստանն իր անհատական տունն է, և ում որ ուզի, կարող է թողնել իր տուն մտնել,- ասաց նա՝ Փաշինյանին հիշեցնելով, որ ինքն ընդամենը պաշտոնյա է, իսկ Հայաստանը՝ ամբողջ հայության հայրենիքը:


Ըստ Սասունյանի, մուտքի արգելքի մասին որոշումը հասկանալի կլիներ, եթե այդ մարդիկ որևէ հանցանք արած կամ նախապատրաստած լինեին, սակայն մուտքի արգելքի որոշումները վերաբերում են սփյուռքահայերի, որոնցից որևէ մեկը որևէ հանցանք չի գործել:


«Սինանյանը ստում է, թե ձու են նետել. Փափազյանը նույնիսկ այդտեղ չի էլ եղել: Ի դեպ, նա արդեն հայց է ներկայացրել դատարան. պետք է իշխանության ներկայացուցիչները գան դատարան և ներկայացնեն իրենց փաստերը: Մինչև հիմա ոչ մի փաստ չեն ներկայացրել։ Եթե նման բան լիներ, իրենք անմիջապես կներկայացնեին ժողովրդին տեսանյութերով, կամ նկարներով, գրություններով:


Այս բոլորը շատ ցավալի է, որովհետև այս րոպեին ունենք շատ ծանր իրավիճակ Արցախում և նույնքան ծանր վիճակ՝ ՀՀ սահմաններում, ու բոլորս պետք է միասնաբանար պայքարեինք՝ փրկելու թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը մեր դրսի թշնամիներից:


Բայց տեսնում եմ, որ մենք պետք է պայքարենք միաժամանակ թե՛ դրսի, և թե՛ ներքին թշնամիների դեմ, ինչը ցավալի է և ուժերի ջլատում է»,- մանրամասնեց Հարութ Սասունյանը:


Արցախի՝ 54-օրյա շրջափակմանն անդրադառնալով՝ ամերիկահայ գործիչը նկատեց, որ այս հարցում կարևոր պետք է լինի իշխանությունների հաստատակամությունն ու պայքարը՝ մինչդեռ հակառակի ականատեսն ենք:


Նրա համոզմամբ, Փաշինյանի՝ «Արցախը պետք է ինքնուրույն բանակցի Ադրբեջանի հետ» հայտարարությունը Արցախից «ձեռքերը լվանալու» մասին էր:


«Դրանից հետո ի՞նչ պետք է սպասել աշխարհից՝ փորձեն Արցախի իրավունքները պաշտպանե՞լ, երբ ՀՀ իշխանություններն իրենք չեն պաշտպանում. սպասում ենք, որ իրենք լինեն ավելի հայանպաստ, հայրենասեր, քան ՀՀ իշխանություննե՞րը»,- հավելեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր