Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

18 փետ 2023 15:50

Թշնամանքը չի կարող հավերժ լինել.օգնության դիվանագիտության ալիքը կոտրել է Անկարայի պատկերացումներն ընկերների և թշնամիների մասին. Al Monitor

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով օգնության դիվանագիտության ալիքը կոտրել է Անկարայի պատկերացումներն ընկերների և թշնամիների մասին, քանի որ որպես «թշնամի» ներկայացվող երկրները շտապում են օգնել փրկվածների որոնմանը և մարդասիրական օգնություն առաջարկել, գրում է Al Monitor-ի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինը։
 
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի իսլամիստները պաշտպանում էին այն գաղափարը, որ միայն մուսուլմանները կարող են իսկական եղբայր լինել միմյանց համար, մինչդեռ ազգայնականները քարոզում էին այն, որ «թուրքերը, թուրքերից բացի, այլ ընկերներ չունեն»:
 
Հիմնվելով նման տրամադրությունների վրա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, շարունակում էին հարվածներ հասցնել «արտաքին թշնամիներին»՝ հաճախ շեղելով ներքին խնդիրներից։ «Անշուշտ, միջազգային աջակցության հոսքը դժվար թե հանգեցնի Թուրքիայի բոլոր խնդրահարույց արտաքին հարաբերությունների նոր էջերին, բայց դա ցույց տվեց, որ թշնամանքը չի կարող հավերժ լինել»,- ասվում է հոդվածում։
 
«Աջակցության ամենավառ ժեստերից մեկը եկավ Հայաստանից, որը չունի պաշտոնական դիվանագիտական կապեր Թուրքիայի հետ և պարտվեց վիճելի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանին 2020 թվականին: Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Թուրքիան շաբաթ օրը առաջին անգամ բացեց սահմանը՝ մարդասիրական օգնություն և փրկարարներ տեղափոխող հայկական բեռնատարների մուտքն ապահովելու համար։
 
Ջերմացումը շարունակվեց չորեքշաբթի, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելեց երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք։ Թուրքիան և Հայաստանն արդեն սկսել էին հարաբերությունների կարգավորման բանակցությունները մինչ աղետը, սակայն Թուրքիայի քաղաքական մթնոլորտը դեռևս հեռու է Հայաստանի հանդեպ բարեկամական զգացմունքներ զարգացնելուց: Եվ բանակցություններն անպայման լճանալու են, եթե չլուծվեն առանցքային վիճելի կետերը, ինչպիսիք են տրանսպորտային ուղիները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- գրում է Թաշթեքինը՝ նշելով, որ երկրաշարժի հետ կապված Հայաստանի օգնությունը հանրային դիվանագիտության հնարավորություն է, և Միրզոյանի այցն Ադըյաման լավ սկիզբ էր։
 
Մինչդեռ Ադրբեջանը, որը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ուղարկել է ամենամեծ օտարերկրյա թիմը՝ մոտ 900 հոգի, որպեսզի օգնի աղետի գոտում փրկարարական աշխատանքներին։ Հունաստանն առանձնանում է որպես ևս մեկ հարևան, որը շտապեց օգնել հարևան երկրին՝ չնայած Էգեյան ծովում տարածքային վեճերի շուրջ Թուրքիայի հետ ձգձգվող լարվածությանը և Էրդողանի կողմից կրկնվող սպառնալիքներին, որ թուրքական զինուժը «մի գիշեր կարող է հանկարծակի գալ»:
 
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարարն անձամբ է ղեկավարել Թուրքիա մարդասիրական օգնության առաքումը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անցյալ շաբաթ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ այցելեց Հաթայ՝ ամենաշատ տուժած նահանգներից մեկը։ Հրապարակման մեջ նշվում է, որ «երկրաշարժային դիվանագիտությունից» օգտվել է նաև Իսրայելը, որը վերջերս է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ։
 
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը զանգահարել է Էրդողանին առաջին երկրաշարժից անմիջապես հետո, իսկ արտգործնախարար Էլի Քոհենը երեքշաբթի Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահին, մինչդեռ 450 հոգանոց իսրայելական փրկարարական խումբն իր հետքն է թողել փլատակների տակից փրկվածներին դուրս բերելու հարցում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպիսիք են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, որոնք հաճախ հակասություններ են ունեցել Էրդողանի հետ, նույնպես աջակցություն են առաջարկել, ինչպես նաև Ֆինլանդիան և Շվեդիան, որոնց ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերն արգելափակվում են Թուրքիայի կողմից:
 
Իրաքյան Քուրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Բարզանին, որը սերտ կապեր է ունեցել Անկարայի հետ, բայց հաճախ է զգացել թուրքական ռազմական գործողությունների թեժությունն իր տարածքում, նույնպես մեկնել է երկրաշարժից տուժած տարածաշրջան՝ համերաշխություն դրսևորելու համար։
 
Աղետը, սակայն, չկարողացավ որևէ ջերմություն առաջացնել Սիրիայի հետ հարաբերություններում, որը ևս տուժել է երկրաշարժից։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր