ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

09 մար 2023 22:33

Գալիք պատերազմը սարերի հետևում չէ, պետք է պատրաստ լինել. Ե.Մարգարյան

Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է, նույնիսկ անհերքելի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ խոսքն առաջին հերթին այն տարածքների մասին է, որոնցով Ադրբեջանը միջանցք է ուզում, հետևաբար՝ պետք է անհանգստանալ, պատրաստ և մարտունակ լինել։

«Նախիջևանի սահմանը սկսվում է Երասխից մինչև Մեղրի, բնականաբար, եթե այդ ուղղությամբ հարձակում լինի՝ լարված կպահեն նաև մյուս հատվածները, որ զորքը դիսլոկացիա չլինի։ Դրա համար էլ ես օրերս կոչ արեցի ՊՆ-ի մեր հարգարժան գեներալիտետին, որ շարային քայլելու փոխարեն՝ զորքին մարտավարություն սովորեցնեն, որովհետև գալիք պատերազմը սարերի հետևում չէ»,- նշեց Մարգարյանը։

Մոտալուտ ռազմական բախման մասին է վկայում նաև ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվությունը, թե, իբր, հայկական ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ։ Ալիևն այդկերպ հող է նախապատրաստում սեփական ժողովրդին միասնական պահելու և ցանկացած «գործողություն» կամ ռազմական օպերացիա արդարացնելու, սեփական զոհերի ոչնչացումը «սրբագրելու» համար։

Նմանօրինակ օպերացիաներից էր նաև մարտի 5-ին «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը։ Ազատամարտիկի խոսքով՝ ադրբեջանական «Կոմանդո» հատուկ նշանակության ջոկատի մի ամբողջ հետախուզական դիվերսիոն խումբը հարձակվել է ոստիկանական ՈՒԱԶ-ի վրա։ Նրանց հրահանգել են ներխուժել տարածք, իրենց սև գործն անել ու հեռանալ, սակայն չեն հաշվարկել, որ կարող են դիմադրության հանդիպել։

Մարգարյանի կարծիքով՝ Ալիևին հաջողվեց իր նենգ քայլով խորացնել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, ինչի ապացույցը ռուս խաղաղապահ զորամիվորման հրամանատար Ալեքսանդր Վոլկովի հրաժարականի պահանջով Արցախում սկսված բողոքի ակցիաներն են, ինչպես նաև ստուգել «Կոմանդո»-ի պատրաստվածության աստիճանը։

«Սա «Կոմանդո»-ի քննություններից մեկն էր, որովհետև տվյալ ստորաբաժանումները պարտադիր պետք է անցնեն որևէ մարտական փորձով։ Պաշտոնապես հայտնում են, որ 3-4 ադրբեջանցի է դիվերսիայի ժամանակ ոչնչացվել, բայց Արցախում գտնվող տղաները 9 դի են հաշվել, ինչի մասին Ադրբեջանում չեն բարձրաձայնում»,- նկատեց ազատամարտիկը։

Դիվերսիան և վերջին շրջանում Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպերը, շրջափակումն ու արցախցիների վրա ճնշումները Արցախում հուսալքության ալիքն ուժեղացնելու նպատակով են իրականացվում։ Թշնամին ամեն ինչ անում է, որ մեր հայրենակիցները ստիպված տեղի տան Ալիևի սադրանքներին և հեռանան Արցախից։ Բարեբախտաբար, Արցախում մեր հայրենակիցների մի զգալի մասը գիտակցաբար է մոտենում այդ ամենին և շատ լավ է հասկանում, որ «ձուկը գլխից է հոտում»։

«Կարծում եմ՝ 90-ականների պատմությունը կրկնվելու է, արցախցիներն ուզում են կամաց-կամաց ոտքի կանգնել։ Արցախահայությունը պետք է հասկանա, որ Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը բանակցում են Կաշենի հանքավայրի շուրջ, նրանք պատրաստ են Կաշենի հանքավայրերը հանձնել ադրբեջանական վերահսկողությանը. Արայիկ Հարությունյանն առևտրական է, կոմերսանտ՝ վաճառականի հոգեբանությամբ, եթե փողը լինի, նա ամեն ինչի պատրաստ կլինի»,- հավելեց ազատամարտիկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր