Կիևը սպասում է գործողությունների Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Կրեմլի՝Բելառուսում միջուկային զենք տեղադրելու միջուկային շանտաժին դիմակայելու համար
Ուկրաինան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու մտադրության մասին՝ Մոսկվայի հայտարարությունների պատճառով։
«Նման մտադրությունները չեն կարող առանձնահատուկ անհանգստություն չառաջացնել ողջ համաշխարհային հանրության համար, քանի որ Ռուսաստանը դրանք հայտարարում է այն ժամանակ, երբ չհրահրված ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիևը սպասում է գործողությունների Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ Կրեմլի միջուկային շանտաժին դիմակայելու համար։
Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։ Նրա խոսքով՝ ինքն այս մասին պայմանավորվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու․ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ, վստահեցրել է ՌԴ առաջնորդը։
Պուտինն այս որոշման պատճառ է նշել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունը՝ Ուկրաինային սպառված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։