Այդպես քայլելով կարող են Սյունիքն էլ վերցնել, տո Երևանն էլ, կարևորը, որ «էսկալացիա թույլ չտրվի.Ասել կուզի, ըստ ԱԱԾ-ի, ի՜նչ մի աղմուկ եք դրել, ինչ-որ մի 274 մետր են առաջ եկել, էլի՜...

Բայց դրանք դեռ «տեխնիկական» հարցերն են: Ավելի էական հանգամանքներ կան: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակային ստորաբաժանումները դուրս են գալու Ադրբեջանի հետ փաստացի «շփման գծի» մի նկատելի մասից և փոխարինվելու են ԱԱԾ սահմանապահ ուժերով: Ու Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման միայն այս վերջին երկուսուկես՝ «հետպատերազմական» տարիներին նույն թշնամական Ադրբեջանը Հայաստանի տարածքից տասնյակ քառակուսի կիլոմետրեր է զավթել, ահա այդ ամենը թույլ տված Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով զինվորականներին սահմանապահներով փոխարինելու մասին, հույս է հայտնում կամ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը սադրանքների չի դիմի: Լավ, դա իրականությունը համարժեք ընկալող մարդու ասա՞ծ է:
Կամ հակառակը՝ որքան պիտի որևէ մեկը իրականության հետ կապը կորցրած լինի, որ լուրջ ընկալի իրեն ասվող նման բաները: Իսկ «ադրբեջանական կողմն» էլ, պարզվում է, հենց դրան էր սպասում և, խնդրեմ, անարգել, առանց մեկ կրակոցի անգամ, կարելի է ասել՝ ցուցադրաբար, զորքով, տեխնիկայով առաջ է շարժվում, այսպես ասենք՝ արխային դիրքավորվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր համայնքներին պատկանող արտերում: Բայց հարցը միայն այդ չէ (եթե միայն դա լիներ հարցը): Երևի Նիկոլ Փաշինյանի խճճված հայտարարությունները քիչ համարվեցին, ու ավելի ուշ որոշվեց, որ ԱԱԾ-ն էլ «շուրջպար» մտնի: Ավելի լավ է, դա չանեին:
Մարտի 30-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ինչպես կնշեին ոստիկանական օպերատիվ ամփոփաթերթիկներում, այսինքն, երբ համացանցում արդեն տարածվում էին ադրբեջանական զորքերի առաջխաղացման ու դիրքավորվելու կադրերն ու Սյունիքի մարզից տեղացիների ահազանգերը, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ հաստատում էին իրենց իշխանության ղեկավարի ասածը, որ նախապես թշնամու հետ պայմանավորված են եղել: Ու չնայած դա ուշագրավ հաղորդագրություն է բոլոր առումներով, բայց առանձնահատուկ հետաքրքրական են 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը: Հիացեք, թե ինչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ն. «...4. Տեղակայման ընթացքում (սահմանապահների) ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: 5. Հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: 6. Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Այսինքն, բացի այն, որ ադրբեջանական կողմի հետ բան են պայմանավորվել, ինչի մասին, պարզվում է, չեն բարեհաճել անգամ տեղի հայ բնակչությանը հայտնել, և մարդիկ գյուղերով անակնկալի են եկել, դեռ մի բան էլ, պարզվում է, ադրբեջանական կողմը չի սպասել ինչ-ինչ ճշգրտումներին, առաջ է եկել:
Ինչպիսի՜ անակնկալ, ախր ո՞վ կսպասեր, չէ՞, ադրբեջանական կողմից նման նամարդություն, ա՜յ-ա՜յ-ա՜յ: Լուսահոգի տատս նման դեպքերում կասեր՝ «պառվի ուլերի» ամբողջ ձյունը Նալբանդյան փողոցի ձեր շենքի գլխին տեղար: Լավ, բա էլ դուք ինչի՞ համար եք, եթե թշնամու հնարավոր առաջխաղացման ու «ճշգրտումներին չսպասելու» պահը բաց եք թողել (չնայած, չենք կարծում, թե նկատած ու վերև զեկուցած չլինեն): Թե՞ զեկուցել եք, ձեզ ասվել է՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Ու հիմա ո՞ւմ եք ուզում պարզերես անել՝ նման հակասական բաներ հաղորդագրելով: Ոչ պակաս վրդովեցուցիչ է ԱԱԾ տարածած հաղորդագրության փաշինյանական ոճն ու տոնայնությունը: Հատուկ նշում են, թե «ադրբեջանական կողմը» («կո՜ղմ...», հանկարծ չասեն՝ թշնամին) մի 5 տեղ է առաջ եկել, այն էլ՝ ընդամենը 100-300 մետր:
Ասել կուզի, ըստ ԱԱԾ-ի, ի՜նչ մի աղմուկ եք դրել, ոչ մի սարսափելի բան չկա, ինչ-որ մի 274 մետր են առաջ եկել, էլի՜... Այսինքն, կարող են այդպես 300-300 մետր առաջ գալ, ու դա անկարևոր բան է: Հա, ու «հայկական կողմը» ինչ անում կամ, ավելի ճիշտ, ինչ չի անում, չի անում «էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Հասկանալի է, չէ՞: Սա թշնամուն ուղիղ հրավիրատոմս է, որ այդպես քայլելով կարող են Սյունիքն էլ վերցնել, տո Երևանն էլ, կարևորը, որ «էսկալացիա թույլ չտրվի»: Թշնամին մտել է անմիջականորեն ՀՀ տարածք ու դիրքավորվում, զենք ու տեխնիկա է կուտակում, որ էլի առաջ շարժվի, սրանք ասում են՝ «վայ, հանկարծ էսկալացիա-մեսկալացիա չլինի, վա՜յ...»:
Այնպես որ, Փաշինյանի խոստացած «ապագան» լոք-լոք առաջ է գալիս, և քանի որ միակ բանը, ինչին «հայկական կողմն», ըստ երևույթին, ունակ է, «էսկալացիա թույլ չտալն» է, ապա նիկոլականներին մնում է պատրաստվել «ապագայի» դիմավորմանը, իսկ ոչ նիկոլականներին՝ թողնել-հեռանալ, թերևս: Բայց այս ամենից ավելի վատ բան կա: Իսկ այդ ավելի վատ բանն այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում առանց որևէ ներքին ընդվզման, զրոյական դիմադրության պայմաններում: Այնպիսի տպավորություն է, որ երկրի ոչնչացումն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում: Երևի բոլորը որոշել են «թուլանալ ու հաճույք ստանալ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում