Պահվածքը եղել է «անմեղ և խաղային».Դալայ Լաման ներողություն է խնդրել տղա երեխայի շուրթերը համբուրելու սկանդալային դեպքի համար
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման ներողություն է խնդրել հրապարակավ փոքր տղայի շուրթերը համբուրելու համար, գրում է The Guardian-ը։ Համացանցում տարածվել է Հնդկաստանի տաճարներից մեկում արված տեսանյութ, որը խիստ քննադատել են օգտատերերը՝ այն «զզվելի» որակելով:
«Նորին Սրբությունը ցանկանում է ներողություն խնդրել տղայից և նրա ընտանիքից, ինչպես նաև նրա բազմաթիվ ընկերներից ամբողջ աշխարհում՝ ցավի համար, որ կարող էին պատճառել նրա խոսքերը», - ասվում է բուդդայական հոգևոր առաջնորդի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Դալայ Լաման «ափսոսում է կատարվածի համար»։
«Նորին Սրբությունը հաճախ անմեղորեն և զվարճալի կերպով խաղում է նրանց հոգու հետ, ում հանդիպում է հանրության առաջ և նույնիսկ տեսախցիկների առջև», - նշել են նրա գրասենյակից:
Փետրվարի վերջին հնդկական Դհարամշալայ քաղաքում Դալայ Լամայի տաճարում տեղի է ունեցել միջոցառում՝ մոտ 100 ուսանողի մասնակցությամբ: Արդեն վիրուսային դարձած տեսանյութում մի տղա միջոցառման ժամանակ մոտենում է խոսափողին և հարցնում Դալայ Լամային՝ «կարո՞ղ եմ գրկել Ձեզ»: 87-ամյա Դալայ Լաման տղային ասում է, որ բարձրանա այն հարթակը, որտեղ ինքն է նստած: Լսվում է, որ Դալայ Լաման, ցույց տալով այտը, տղային ասում է՝ «առաջինը այստեղ», որից հետո երեխան համբուրում է նրան և գրկում։ Այնուհետև Դալայ Լաման ասում է՝ «կարծում եմ՝ այստեղ նույնպես» ու համբուրում է նրա շուրթերը: Հետո նա հանում է լեզուն ու ասում, որ տղան դիպչի դրան: Տղան արագ դուրս է հանում լեզուն, բայց չի դիպչում հոգևոր առաջնորդին ու փորձում է հեռանալ, մինչդեռ Դալայ Լաման ծիծաղում է և տղային ևս մեկ անգամ գրկում:
Տեսանյութը տարածվել է համացանցում, այն դատապարտվել է շատերի կողմից. օգտատերերի մեծ մասն այն որակել է «անտեղի», «սկանդալային» և «զզվելի»։ Ստեղծված իրավիճակը Դալայ Լամային ստիպել է ներողություն խնդրել՝ միևնույն ժամանակ արդարանալով, որ իր պահվածքը եղել է «անմեղ և խաղային»: