Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 ապր 2023 10:49

Եթե ժամանակին նախկինների «բանակցային թղթերը» ցույց չի տվել, հիմա ի՞նչն է խանգարում «ցույց տալ դրանք». «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը նորից իր ամպլուայի մեջ է, այն է՝ նորից լծվել է ինքնարդարացման գործին։ Ըստ այդմ, նա զարգացնում և ավելի է «պատկերազարդում» այն թեզը, թե՝ «խեղճ Նիկոլն ինչ անի»: Այսինքն՝ ինքը չէր կարող իրավիճակ փոխել, քանի որ Արցախն արդեն նախկինները հանձնել էին, դրա համար էլ փորձել է բանակցությունները նոր կետից սկսել, ուղղակի չի ցանկացել ժողովրդին ուղիղ ասել, թե ինչ ծանր ժառանգություն է ստացել։ Ինչպես ասում են նման դեպքերում՝ «քուանշ»: Նախ՝ եթե Փաշինյանը գիտեր, թե ինչ ծայրահեղ վիճակ է, և հնարավոր չէր իրավիճակ փոխել, այդ դեպքում ինչո՞ւ երկիրը տարավ պատերազմի, ինչո՞ւ հազարավորների կյանքի թելը կտրեց։'

Պատահական չէ, որ քաղաքացիների ուշադրությունը հենց այն հանգամանքի վրա է սևեռվում, որ անձամբ Փաշինյանն է երկիը տարել պատերազմի, որովհետև նա կարող էր դեռ 2018 թվականին տեղեկացնել հանրությանն ու խուսափել պատերազմից։ Մի՞թե որևէ մեկը հավատում է, թե նա իսկապես երկյուղում էր, որ այդ դեպքում իրեն կասեն դավաճան, ինչպես հիմնավորում է այն, թե պատերազմը չի կանգնեցրել, քանի որ իրեն դավաճան կպիտակավորեին։ Լավ, եթե նույնիսկ հավատանք նրա հերթական հեքիաթին, ապա մեկ այլ հարց է ծագում՝ հայրենիքի հարցն է կարևո՞ր, թե՞ այն, որ իրեն կարող են պիտակավորել։ Իսկ իրականում Փաշինյանն անկեղծ չէ հանրության հետ, ավելին՝ ուղղակի մանիպուլացնում է իր սովորության համաձայն։
Նա Արցախի հարցում այնպիսի ժառանգություն է ստացել, որտեղ կոնկրետ շոշափվում է Արցախի կարգավիճակի հարցը, ի հակադրություն ներկայիս իրավիճակի, երբ կարգավիճակի հարցն ուղղակի դուրս է եկել օրակարգից ու չի քննարկվում։ Իսկ նախկին բանակցային գործընթացի փուլերում Արցախի կարգավիճակի հարցի դիտարկման մասին կարող ենք տեղեկանալ միջնորդների հայտարարություններից։ Եվ նույնիսկ 2021 թվականի հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը գրեց «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ մասնավորապես նշում էր, որ Արցախյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, ապա ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանեց, որ վերջին տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկները նախատեսել են Արցախի իրավական կարգավիճակի որոշում։
Եթե Պոպովի հայտարարությունն իր մեջ փաստերի խեղաթյուրում պարունակեր, ապա Փաշինյանն անմիջապես կարձագանքեր նրան, բայց հերքելու ոչինչ չուներ և այդպես էլ չպատասխանեց։ Միայն Ադրբեջանն է, որ հայտարարում է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հարց չի եղել, չի էլ կարող լինել։ Փաստացի ստացվում է, որ իր պաշտոնավարման շրջանում Փաշինյանը Ադրբեջանին պարտվել է ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթակում, քանի որ Բաքուն աստիճանաբար հասնում է նրան, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է անձամբ ադրբեջանական թեզերը շրջանառության մեջ դնում։ Նույնիսկ պաշտոնական Բաքուն չի հայտարարում, թե ՀՀ նախկին ղեկավարներն Արցախն արդեն ճանաչել էին Ադրբեջանի կազմում, իսկ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է դրա մասին։ Այսինքն, այս հարցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գերազանցում է անգամ Բաքվի պաշտոնական խոսափողներին։ Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը որևէ կերպ չի ցանկանում պայքարել Հայաստանի ու Արցախի թուլացած դիրքերի վերականգնման ուղղությամբ. ինչ իրենից պահանջում են, այն էլ կատարում է։ Դրա համար էլ հակառակորդը նախկին
պահանջների իրականացումից հետո անցնում է նոր պահանջներին։ Ու արդեն այդ պահանջները հասել են մի այնպիսի կետի, որ Ալիևին այլևս չեն բավարարում Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահն արդեն պահանջում է, որ Հայաստանը հայտարարի, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Մյուս կողմից էլ Ալիևը Արցախի հայերի համար նոր պայման է դնում, որ եթե Ադրբեջանի քաղաքացիություն չստանաք, պիտի հեռանաք այլ վայրեր։ Դրանով Ադրբեջանը պայմաններ է ստեղծում, որ Արցախում հայերը չապրեն։ Ու այս ամենին հայկական կողմից համապատասխան արձագանք չի հնչում։ Փաշինյանն ամեն անգամ հայտարարում է, թե միջազգայնորեն բարձրացնում են արցախահայության անվտանգության և իրավունքների հարցը, այդ դեպքում ինչո՞ւ չեն ձայն հանում, որ Ալիևը, պահանջելով արցախցիներից հեռանալ, կոնկրետ խախտում է արցախահայության իրավունքները՝ էթնիկ զտումների համար հիմքեր ստեղծելով։
Մյուս կողմից էլ, եթե այսպես շարունակվի, ապա Ալիևը մի օր էլ կպահանջի Փաշինյանից հայտարարել, թե «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է»։Իսկ վերջինս էլ կգա խորհրդարան ու ամբիոնից լուրջ դեմքով կսկսի հիմնավորել այդ, թե իբր ժամանակին ադրբեջանցիներ են ապրել ՀՀ տարածքում, իսկ այդ իրողությունն ընդունել են դեռևս նախկին իշխանությունները։ Կարճ ասած՝ ներկայիս իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ երկիրը տանում են դեպի անդունդը, իհարկե, եթե նրանց հնարավոր չլինի կանգնեցնել։ Հ.Գ.-Ի դեպ, եթե ժամանակին նախկինների «բանակցային թղթերը» ցույց չի տվել (բայց, ըստ իրեն, կարող էր), ու դրա համար, ինչպես ինքն է ասում, արժե դատել, հետաքրքիր է՝ ինչո՞ւ հիմա չի հրապարակում, եթե իրոք ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում:



Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր