Ալեն Սիմոնյանի գրառումը բավականին ծանր են տարել Բաքվում

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- գրել էր Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահի այս գրառումը բավական ծանր են տարել Բաքվում: Մասնավորաբար, հայտարարություն է տարածել այդ երկրի Միլլի մեջլիսը՝ նշելով. «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սոցիալական ցանցերում՝ Լաչին-Ստեփանակերտի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ, անընդունելի են։ Սա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը»։
Ըստ արդբեջանցիների, Լաչինի ճանապարհի անօրինական նպատակներով համակարգված և լայնածավալ օգտագործումը կանխելը և սահմանի անվտանգության ապահովումը Ադրբեջանի կառավարության օրինական իրավունքն է։
Հավելենք նաև, որ Ալեն Սիմոնյանի վերոնշյալ գրառումից հետո ադրբեջանցիները ինտենսիվ հաքերային հարձակում են կազմակերպել ՀՀ ԱԺ նախագահի թվիթերյան էջի վրա: Ավելին, էջը մի կարճ ժամանակ նույնիսկ չի գործել, սակայն խնդիրը կարգավորվել է նվազագույն ժամանակահատվածում: