Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 մայիս 2023 18:32

Պաշտոնազրկել Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար․․․Թուրքական ժխտողականության վերջին ծիծաղելի մարտավարությունը

Ավելի քան մեկ դար շարունակ իրար հաջորդող թուրքական կառավարությունները տարբեր հնարքներ են փորձել Հայոց ցեղասպանության հավաստիությունը ժխտելու համար: Նրանց բոլոր փորձերը ողորմելիորեն ձախողվել են։ Թուրքիան դիվանագիտական ճնշում գործադրեց ամբողջ աշխարհում և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեց՝ վարձելով չափազանց թանկ լոբբիստական ընկերություններ՝ անհերքելին հերքելու համար: Ի տարբերություն հետպատերազմյան Գերմանիայի, որն ընդունեց իր մեղքը Հոլոքոստի համար և փոխհատուցեց, թուրքական կառավարությունը, շարունակելով իր ժխտումները, ամբողջ աշխարհում պիտակավորվում է որպես չզղջացող ոճրագործ վարչակարգ: Թուրքիայի համար ավելի լավ կլիներ մաքրվել՝ ճանաչելով և փոխհատուցելով 1915 թվականի զանգվածային հանցագործությունների համար, քան հավերժացնել իր բարբարոսական անցյալի խայտառակ ժառանգությունը:

Թուրքական ժխտողականության վերջին ծիծաղելի մարտավարությունն է՝ հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, «խախտել է ԱՄՆ Սահմանադրության չորս հոդվածները»։ Եթե ցեղասպանությունը սարսափելի թեմա չլիներ, նման մեղադրանքը զվարճալի կլիներ: Սակայն կատակերգությունն այսքանով չի ավարտվում։

Թուրք լրագրող Ուղուր Դունդարին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մի շարք թուրքական լրատվամիջոցներում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրու Էլեքդաղն առաջարկել է թուրքական խմբերին փորձել պաշտոնազրկել Բայդենին Սպիտակ տնից հեռանալուց հետո, թեև նախագահին չի կարելի պաշտոնազրկել, երբ նա այլևս նախագահ չէ։
Դեսպան Էլեքդաղը սահմանադրական իրավունքի մասնագետ չէ։ Նա քոլեջում սովորել է տնտեսագիտություն, իսկ հետո դարձել դիվանագետ։ Նա ոչինչ չգիտի ԱՄՆ Սահմանադրության մասին:
Երբ թուրք լրագրողը Էլեքդաղին հարցրել է, թե ինչպես կարող են թուրքերը դատի տալ Բայդենին, քանի որ նա Օսմանյան կայսրությունն է անվանել որպես Ցեղասպանության հեղինակ, այլ ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, դեսպանը ապուշաբար նշել է, որ «գոյություն չունի Օսմանյան կոչվող ազգություն: Օսմանյանը կայսրության անունն է։ Նրանք, ովքեր հիմնել են Օսմանյան պետությունը, թուրքեր են և նրանք մեր նախահայրերն են, իսկ մենք՝ նրանց ժառանգները»: Այսպիսով, Էլեքդաղն առաջարկում է թուրքերին դատի տալ Բայդենին՝ Օսմանյան կայսրությանը ցեղասպանության մեջ մեղադրելու համար: Սակայն, քանի որ Էլեքդաղը Թուրքիայի Հանրապետությունը կապում է Օսմանյան կայսրության հետ, ապա Թուրքիան բնականաբար պատասխանատու է օսմանյան հանցագործությունների համար։

Էլեքդաղը կեղծորեն պնդում է, որ նախագահ Բայդենը խախտել է ԱՄՆ Սահմանադրության 6-րդ հոդվածը, հինգերորդ բարեփոխումը, 1-ին հոդվածը (9-րդ բաժինը) և 14-րդ բարեփոխումը:

Էլեքդաղն առաջարկել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարի ամբողջ աշխարհին՝ «Նախագահ Բայդենը հանցագործություն է կատարել՝ խախտելով ԱՄՆ Սահմանադրությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարություններով»։ Սա ամբողջ հարցազրույցի ամենազավեշտալի հատվածն է։ Էրդողանը, որը զանգվածային հանցագործություններ է կատարել Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, երկրագնդի վրա վերջին մարդն է, որ կարող է որևէ մեկին մեղադրել հանցագործություն կատարելու մեջ։

Իր հարցազրույցի վերջում Էլեքդաղը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի (ATAA) ղեկավարների հետ, որոնք նրան ասել են, թե իրենք կքննարկեն նախագահ Բայդենին ուղղված իր մեղադրանքները Էլեքդաղն առաջարկել է ակադեմիական հետազոտություն անցկացնել «ԱՄՆ նախկին նախագահին պաշտոնազրկման և քրեական պատասխանատվության ենթարկել, թե ոչ» նրա «սահմանադրական իրավախախտումների համար»: ATAA-ն այժմ ծրագրում է գիտաժողով անցկացնել ամերիկյան համալսարաններից մեկում «պատմաբանների և իրավաբանների մասնակցությամբ»։
Ես ստացա ATAA-ի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակի պատճենը, թվագրված 2023 թվականի ապրիլի 18-ին, որտեղ նրան ասվում էր, որ նախորդ տարվա ապրիլքսանչորսյան իր երկու հայտարարությունները «անտեսել են ԱՄՆ Սահմանադրության առնվազն չորս հոդվածները և բարեփոխումները»։ Այնուամենայնիվ, ATAA-ի նամակը ստանալուց մեկ շաբաթ անց նախագահ Բայդենը 2023 թվականի ապրիլի 24-ին հերթական անգամ հանդես եկավ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ՝ անտեսելով թուրքական նախազգուշացումները։ ATAA-ն նախագահը Բայդենին ասել է, որ ապրիլքսանչորսյան իր երկու հայտարարությունների «դրդապատճառը եղել է միայն հզոր հայկական սփյուռքի շրջանում քաղաքական ժողովրդականություն ձեռք բերելը»:
Իր նամակի վերջում ATAA-ն կեղծորեն պնդել է, որ եղել է «Թուրքիայի և Հայաստանի հանրապետությունների նախաձեռնությունը՝ ստեղծելու Համատեղ պատմական հանձնաժողով, կազմված պատմաբաններից և իրավաբաններից և ընտրված Անկարայի ու Էրիվանի կողմից»:

Կցանկանայի մի քանի մտքեր ավելացնել թուրքական խեղաթյուրումների այս գրոհին.
Ես շատ ուրախ կլինեմ, եթե ATAA-ն դատական հայց ներկայացնի նախագահ Բայդենի դեմ, որը կհանգեցնի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հանցագործության հանրայնացմանն ամբողջ աշխարհում։ ATAA-ի իրավաբանները հաճույքով կհարստանան՝ վարձատրվելով նման անլուրջ հայց ներկայացնելու համար:

Եթե Էլեքդաղն իսկապես սահմանադրական իրավունքի փորձագետ էր, ինչո՞ւ նա դատի չէր տվել նախագահ Ռոնալդ Ռեյգանին 1981 թվականին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին 1984-ին, երբ նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ Վաշինգտոնում իր դեսպան եղած ժամանակ: Ինչո՞ւ ATAA-ն հայցեր չէր ներկայացրել 1975 թվականին՝ Ներկայացուցիչների պալատի, 2019 թվականին՝ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ բոլոր 50 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
ATAA-ն կարող է շատ գումար և ջանք խնայել՝ պարզապես հարցնելով Google-ի Արհեստական բանականության (AI) կայքին, արդյոք թուրքերը կարող են դատի տալ նախագահ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Ահա AI-ի պատասխանը.
«Ոչ, Բայդենը չի խախտել Սահմանադրությունը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Սահմանադրությունը բացահայտորեն չի արգելում նախագահին նման հայտարարություն անել, և չկա որևէ նախադեպ, որը ենթադրում է, որ այն հակասահմանադրական կհամարվի… Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից հայերի համակարգված բնաջնջումն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ցեղասպանության ժամանակ սպանվել է մոտավորապես 1.5-ից 2 միլիոն հայ: Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ հերքել է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն կան անհամար ապացույցներ, որոնք հաստատում են դրա եղելությունը: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց ուշացած քայլ էր մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի ճանաչման համար: Սա հզոր հայտարարություն է մարդու իրավունքների և արդարության նկատմամբ Ամերիկայի հանձնառության մասին»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր