Չի կարելի տալ մի բան ու ասել՝ տալիս ենք, լավ ենք անում.Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որ այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Շուռնուխինն է, բայց շատ ավելի վատ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ Ն.Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականին քարտեզին. «Ինչո՞ւ հենց 1975 թվական, այլ ոչ թե 1920-ականների։ Հասկանալի չէ։ Չնայած հասկանալի է՝ Ադրբեջանն այդպես է ուզում, այդպես է անում»։
Ա. Խաչատրյանի խոսքով, 1975 թականի քարտեզով, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհն 100 տոկոսով անցնում էր Հայաստանի տարածքով. «Հիմա, եթե իրենք 1975 թվականի քարտեզն են ընդունում, ինչո՞ւ այդպես հապշտապ տարածքը զիջեցին Ադրբեջանին։ Ասում էինք՝ քանի սահմանազատված ու սահմանագծված չէ, ինչո՞ւ ես դու տարածք հանձնում»։
«Եթե ինքն ուզում է Հայաստանի փաստացի տարաքից ինչ-որ տարածք զիջի, պետք է տեղի ունենա հանրաքվեով, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենով անցնող ճանապարհի այլընտրանքային ճանապարհին, նա նշեց, որ, հավանաբար, Ուրացաձորի ճանապարհն է նկատի ունեցել Փաշինյանը, սակայն այն նախատեսված չէ միջպետական բեռնափոխադրումներ համար, խնդիրներ են առաջանալու։
«Չի կարելի տալ մի բան ու ասել՝ տալիս ենք, լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։ Դա այլընտրանք չի կարող հանդիսանալ»,- ասաց Ա. Խաչատրյանը։