ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

12 հուն 2023 11:09

Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» ("Caucasus Heritage Watch” ) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Ադրբեջանը բունկերներ է փորել ԱՀ Մարտակերտի շրջանի Հայկաջուր (նախկին ադրբեջանական Սոֆուլլու) գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղքրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում:

Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղքրիստոնեական հայկական բնակատեղին է (մանրամասն տեˊս՝): Այն զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, ունի շուրջանակի հողապարիսպ, 5-6-րդ դարերի միասրահ եկեղեցի՝ կառուցված սրբատաշ քարերով և հարդարված խաչային հորինվածքներով: Դեռևս կանգուն էր վաղքրիստոնեական կոթողի սյունը: Ինչպես երևում է տիեզերական լուսանկարից և քաղաքի հանույթից, վաղքրիստոնեական դամբարանադաշտը գտնվում է եկեղեցուց արևելք։ Քաղաքի դամբարանադաշտում, հենց այնտեղ, որտեղ այսօր բունկերներ են փորվել, անցած դարի 50-ական թվականներին գտնվել է Արցախյան տափաստանի ամենավաղ հայերեն արձանագրություններից մեկը:

Բացառված չէ, որ հայերեն արձանագրություններով այլ սարկոֆագներ նույնպես գտնվեն այդ տարածքում:

Մեր արձագանքը

Փաստորեն Ադրբեջանը համառորեն շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը գրավյալ տարածքներում:  Մեծ վտանգ կա, որ նման բունկերներ կտեղադրվեն և բուն բնակատեղիի տարածքում:

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածի․ «․․․ պետությունները պարտավորվում են հարգել իրենց, ինչպես նաև մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, և ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից»: Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ  հաշվեհարդարի առարկա դարձնել»: Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր