Ինչպես Վահագն Խաչատուրյանը Սան Ֆրանցիսկոյում խայտառակվեց «Գուգլի» տնօրենի և հայազգի աշխատակիցների կողմից          Փշալարն ինչ է, մի րոպեում ադրբեջանցին կարող է անցնել. մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք       Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է    

17 հուն 2023 11:26

Կարծում եմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերկատարների մասնակցությանը պատերազմին՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Իսրայել, Մեծ Բրիտանիա...

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

Ըստ Արման Մելիքյանի՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերակատարների մասնակցությանը պատերազմին:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում՝ սահմանային ագրեսիան արդյոք Ադրբեջանի՝ բանակցությունների հետաձգման քաղաքականության շարունակությունը չէ՞։ 

-Սահմանային միջադեպերի հրահրումն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հիմնատարրերից մեկն է եւ մշտապես կիրառվել է նաեւ բանակցությունների վաշինգտոնյան երկրորդ փուլի հետաձգումից շատ առաջ: Այլ հարց է, որ վերջին միջադեպերը զուգահեռվեցին նաեւ ռուսական ԶԼՄ-ներում ԱՄՆ-ին ուղղված քննադատության հետ, որը վերաբերում էր Վաշինգտոնի կողմից Բաքվի ու Ստեփանակերտի նկատմամբ կիրառվող կոշտ ճնշմանը՝ վերջիններիս միջեւ ուղիղ երկխոսություն սկսելու պահանջով: Սա ենթադրել է տալիս, որ Մոսկվան եւ Բաքուն ներդաշնակեցրել են իրենց գործողությունները նաեւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ուժային եւ քաղաքական ճնշումն ավելացնելու միջոցով: 

-Այս պահին նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ կարող են վերսկսվել հայ-ադրբեջանական բանակցությունները, թե՞ դա Ադրբեջանին ձեռնտու չէ։ 


-Կարծում եմ, որ Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին Բաքվի մասնակցության վերաբերյալ որոշումն այժմ Մոսկվայում է կայացվելու: Այնպես չէ, որ նախկինում նախագահ Ալիեւն ավելի ազատ էր այս հարցում, պարզապես ռուսական կողմի միջամտությունն ավելի քողարկված բնույթ ուներ: 


-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված հարց չէ, այլ այդ խնդիրը կապված է Իրանի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ 


-Հավանաբար Թուրքիայի նախագահը նկատի ունի Իրանի կողմից տարածաշրջանի պետությունների սահմանների անխախտության սկզբունքի հռչակումը: Այսինքն՝ նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ «Զանգեզուրի միջանցքը» նաեւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ կարող է գործարկվել, եւ Հայաստանը ունակ չի լինի դրան խոչընդոտել, եթե Իրանի ռազմական միջամտության խնդիրը չլինի: 

-Ինչպե՞ս կբնութագրեք Արեւմուտքից եկող հայտարարությունները։ Ֆրենկ Փալոնը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգում է խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները», Մեթյու Միլլերը հայտարարել է, թե «խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով»։ Այս պահին ի՞նչ արժեք ունեն այս հայտարարությունները, եթե Ադրբեջանը չի դադարեցնում իր ագրեսիան, եւ նրա նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ 

-Իսկապես, այդ հայտարարություններն արժեք ձեռք կբերեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի պահվածքը փոխվի: Բայց, ինչպես վերն ասվեց, Ադրբեջանի պահվածքի փոփոխությունը Մոսկվայից է կախված, քանի որ նախագահ Ալիեւը գործում է՝ հենց Մոսկվայի հետ համաձայնեցնելով իր քայլերը: Այժմ պետք է տեսանելի դառնա, թե կոնկրետ ում ազդեցությունն է Բաքվի համար ավելի ծանրաշկիռ՝ Մոսկվայինը, թե Վաշինգտոնինը: 

-Մարիա Զախարովան պնդում է, որ ԱՄՆ-ը խարխլում է միջնորդի իր հեղինակությունը։ Փոխադարձ այս մեղադրանքներն արդյոք չե՞ն վնասում բանակցային գործընթացը, եւ ինչպե՞ս դա կարող է չեզոքացնել Հայաստանը։ 

-Հայաստանի խնդիրն է հստակորեն ձեւակերպել սեփական շահերն ու մոտեցումներն այնպես, որպեսզի դրանց իրավաչափության վերաբերյալ ոչ մեկի մոտ կասկածներ չառաջանան: Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք որոշել, թե միջնորդներից որ մեկի առաջարկներն են ավելի համահունչ մեր նպատակներին: Պաշտոնական Երեւանը չէ, որ պետք է միջամտի Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ առաջացող կնճիռների հաղթահարմանըգ դա իրենք մեզանից լավ կանեն բոլոր դեպքերում: 

-Շատ փորձագետների կանխատեսմամբ՝ եթե դիվանագիտությունը չի աշխատում, ուրեմն Ադրբեջանն ակտիվանալու է մարտի դաշտում։ Այդպիսի լայնամասշտաբ զարգացումներ հնարավոր համարո՞ւմ եք։ 

-Ոչինչ չեմ բացառում, բայց նաեւ կարծում եմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերկատարների մասնակցությանը պատերազմին: Այդ պատերազմում, բացի Հայաստանից, Ադրբեջանից ու Արցախից, տարբեր փուլերում անմիջականորեն կարող են ներգրավվել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆը: Հավանաբար, այս կամ այն կերպ, իր մասնակցությունը կունենա նաեւ Չինաստանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր