Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ    

11 հուլ 2023 11:49

ՔՊ-ական պատգամավորները Արգիշտի Քյարամյանին ու Ռուստամ Բադասյանին կասկածում են պետական ռեկետի մեջ․կարծում են, որ հանցավոր շղթա է գործում, որից Փաշինյանը տեղյակ չէ

«Հրապարակը» 
 գրում է. «Խորհրդարանի «ՔՊ» խմբակցությունը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին կասկածում է պետական ռեկետի մեջ։ Խմբակցության մեր աղբյուրը հենց այդ բառով է բնորոշում պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը` կապված ավտոներկրողների նկատմամբ իրականացված գործողությունների հետ։ Խոսքն այն մասին է, որ ավտոներկրող որոշ իրավաբանական անձինք` ընկերություններ, չեն կարողանում Հայաստանից արտահանված ապրանքների դիմաց հետ ստանալ ավելացված արժեքի հարկը, ինչը նախատեսված է օրենքով։


Գուցե իշխող ֆրակցիայում էլ որոշակի շահագրգռություններ ունեն այս հարցում, ուստի նրանք հրավեր են ուղարկել հիշյալ երկու պաշտոնյային՝ հուլիսի 13-ին խորհրդարան ներկայանալու եւ ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպում ունենալու համար: Պատրաստվում են նրանցից բացատրություններ պահանջել սրա վերաբերյալ։ Բադասյանը հաստատել է իր մասնակցությունը, իսկ Քյարամյանը երեկվա դրությամբ դեռ չէր հաստատել։


Խոսքն այն սխեմայի մասին է, որով որոշ կազմակերպություններ Արեւմուտքից ավտոմեքենաներ են ներկրում, ապա արտահանում Ռուսաստան։ Սա, այսպես կոչված, զուգահեռ արտահանումն է, որից մեր գործարարները բավականին եկամուտ են ունենում, իհարկե` մեծաթիվ հարկեր են վճարում, իսկ արտահանելով՝ ԱԱՀ-ի գծով էլ բավականին գումարներ են հետ ստանում: Ահա, այս գործընթացը ՊԵԿ-ն ու ՔԿ-ն կասեցրել են, մեծ թվով քրեական գործեր են հարուցել, եւ անգամ կալանավորված մարդիկ կան: Օրինակ, թեթեւ մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» եւ «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը, ով այս տարվա մարտի 11-ից կալանավորված է։


Նրա ընկերությունները զբաղվում են ավտոմեքենաների մանրածախ վաճառքով եւ, ըստ ՔԿ տվյալների, պետությանը 406 մլն դրամի վնաս են տվել։ Ըստ մեղադրանքի՝ հանցավոր սխեմայի միջոցով ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել այս ընկերությունների անվամբ։ Արդյունքում անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերությունը փաստացի կարողացել է հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար ֆիզիկական անձանց վճարած ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, որոնք վերադարձման ենթակա են միայն իրավաբանական անձանց կողմից ներմուծումների դեպքում։


Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա իքս կազմակերպությունն ԱՄՆ-ից կամ Եվրոպայից մեքենաներ է ներկրում, մաքսատանը նրանից պահում են ԱԱՀ-ն, եթե տվյալ մեքենան վաճառվում է Հայաստանում, պետությունն ԱԱՀ-ն հետ չի վերադարձնում, իսկ եթե ներկրված մեքենան արտահանվում է, ասենք, Ռուսաստան, ապա պետությունը պարտավոր է նախապես գանձված ԱԱՀ-ն վերադարձնել ընկերություններին։ Ֆիզիկական անձանց վրա այս օրենքը չի տարածվում, ուստի նշված ընկերությունը նրանց աջակցել է, որ երկուստեք շահավետ գործարք կայանա։


Որոշ ՔՊ-ականներ Բադասյանի հետ այս թեմայով ոչ վաղ անցյալում ունեցած զրույցի ժամանակ փորձել են պարզել ԱԱՀ-ի գծով գումարները չվերադարձնելու պատճառները, Բադասյանը փոխանցել է՝ իբր պարզել են, որ որոշ գործարարներ թաքնվում են իրավաբանական ընկերությունների թիկունքում եւ այս ճանապարհով բիզնես անում։ Լուրեր կան, որ ավելի քան 7 տասնյակ անձանց նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ խարդախության, պետությանը վնաս պատճառելու հիմքով։ ՔՊ-ում կարծում են, որ տեղի ունեցածը պետական ռեկետ է, եւ պատկան մարմինները պարտավոր են կատարել օրենքի պահանջը՝ վերադարձնելով ԱԱՀ-ն, իսկ եթե որոշակի կասկածներ ունեն, ապա կարող են օրենսդրական դաշտը բարեփոխել, ոչ թե մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել եւ շանտաժով ստիպել, որ հրաժարվեն ԱԱՀ-ից՝ այդպիսով կաթվածահար անելով ոլորտը։ Ի դեպ, նրանց հաշվարկներով՝ մոտ 11 հազար մարդ է զբաղվում այս բիզնեսով։


Ավելին, կարծում են, որ հանցավոր շղթա է գործում, որից Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ։ Չնայած խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ անցած ամիս արած հայտարարությունը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ձեւավորվել է խարդախների մի «պլաստ», որը զբաղված է ավելացված արժեքի հարկի վերադարձի շուրջ խարդախություններով, որ կան հարուցված քրեական գործեր, կալանավորված անձինք, եւ ունենք մեծ չափերի վերականգնում պետական բյուջե։ «Ունենք նաեւ այդ շղթաների բացահայտում եւ դրանց աշխատանքի խափանում, նաեւ օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,- նշել էր Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե ովքեր են խախտումներ թույլ տվել՝ գործարարնե՞րը, թե՞ պետական չինովնիկները, թեեւ խոսքից ավելի շատ հասկացվում էր, որ գործարարները։


Մի բան հստակ է, որ ՔՊ-ում ոչինչ չեն կարող նախաձեռնել առանց Փաշինյանի հրահանգի, ու չի բացառվում, որ ԱԺ-ում Լինչի դատաստանի նախաձեռնողը հենց Փաշինյանն է, ով որոշել է զոհաբերել Քյարամյանին ու Բադասյանին, որոնք իր թիկունքում մութ գործեր են արել: Կա նաեւ վարկած, որ ԱԱՀ-ն չվերադարձնելը պայմանավորված է Արեւմուտքի նախազգուշացումներով, քանի որ այդ թվերից հստակ երեւում է, թե Հայաստանից ինչքան ապրանք է արտահանվել Ռուսաստան` Արեւմուտքի սահմանած սանկցիաներն անտեսելով»:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր