Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

13 հուլ 2023 10:00

Ստեփանակերտը, Մոսկվան և Բաքուն համաձա՞յն են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում օրերս ակնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


Հիշեցնենք, հունիսի 1-ի քիշնևյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ եռակողմ ձեւաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:


Ադրբեջանը Արցախում և Հայաստանի սահմաններին ընդգծված լարվածություն է պահպանում: Պաշտոնական Երևանը վերջին շրջանում հստակ նշում է, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը պետք է կայանա միջազգային ձևաչափի ներքո: Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երևանը դեմ է Մոսկվայի հովանու ներքո նման ձևաչափի գործարկմանը:


«Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստե- փանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը», նույն հարցազրույցում ասել է Արմեն Գրիգորյանը, միաժամանակ պարզաբանելով, որ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև, և որին ներկա է միջազգային հանրությունը»:


Հերթական բանակցային ռաունդից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ներկայացրել է Բաքվի պահանջները, հիշեցնելով, որ առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ, և որ նա ակնկալում է դիրքորոշումների հետագա մերձեցում։ «Մեր դիրքորոշումը հստակ է, տրամաբանական և հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Կարծում եմ՝ այդ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, կա նման հնարավորություն», - ասել է Ալիևը:


«Մենք դրան ենք ձգտում, այդ նախաձեռնությունն ենք առաջ տանում։ Բայց պետք է ասեմ, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից, հակառակ կողմն էլ պետք է պատրաստ լինի և խոսքերով արտահայտած սկզբունքները թղթին փոխանցի»,- հավելել է Ալիևը: Ալիևը պնդում է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։


Ի դեպ, Ալիևն, ինչպես խոստովանել է, «դրական» է գնահատում հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը. նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները։ «Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», - հավելել է նա։


Ալիևը պաշտոնական Երևանի դիրքորոշումներին հարկ էլ չի համարել անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կարծիք հայտնեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման և կարևորեց Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում: Եվ չնայած Բաքվի հետ հարաբերություններում եղած բարդություններին, Փաշինյանը կրկին շեշտեց, թե խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»: Այնուամենայնիվ, ըստ նրա, վաշինգտոնյան վերջին բանակցությունների ընթացքում առաջընթացը շոշափելի չէ, իսկ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման:


Պաշտոնական Երևանի առաջարկը` «Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ` միջազգային մեխանիզմների ներքո», ընդունելի՞ է Բաքվի ու Մոսկվայի համար: Եվ ընդհանրապես, Ստեփանակերտում ի՞նչ տրամադրություններ կան այս առնչությամբ: Վերջերս տեղեկություն շրջա- նառվեց այն մասին, որ Ստեփանակերտը մերժել է, ԼՂ-ն հրաժարվեց ԱՄՆ միջնորդությամբ Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու առաջարկից, թեև Արցախի ԱԳ նախարարը հավելյալ պարզաբանեց, որ Լեռնային Ղարաբաղը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը, պարզապես` «երկխոսությունը որոշակի չափորոշիչների պետք է համապատասխանի, և դա է պատճառը, որ հանդիպում կազմակերպելու քննարկումները շարունակվում են»:


Հայտնի է նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնեց Արցախի հա- կաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու: Արդյո՞ք այդ նամակով Ստեփանակերտն ակնկալում է Բաքվի հետ բանակցություններ ռուսական միջնորդությամբ, առայժմ հայտնի չէ»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր