Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ       Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին    

25 հուլ 2023 11:29

Սերժ Թանկյանն ու այլ հայտնիներ դիմել են Ադրբեջանին.Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը,դա ճիշտ չէ

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։


Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։


«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։


Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin պարբերականին՝ նշելով, որ բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։


«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում», - ասել է Թանկյանը՝ հավելելով, որ փորձել է կապվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, որն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով։


Սերժ Թանկյանը նաև ընդունում է, որ խնդիրը բարդանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի պատճառով։


Երաժշտի խոսքով՝ Ուկրաինայի մասին ԶԼՄ-ներում կարելի է կարդալ ամեն օր, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ Թանկյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բռնապետ ղեկավարը գրավել է նաև բուն Հայաստանի տարածքից որոշ հատվածներ՝ մոտ 150 քառակուսի կմ։


«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», - նշել է Թանկյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր