Արցախի նախագահը ջուր է լցնում Ալիևի ջրաղացին.Ադրբեջանին շատ լավ խաղաթուղթ է տրվել, որը կարող է օգտագործվել ռազմական օպերացիայի համար

Այս հայտարարությունը երեկ շատ քննարկվեց և մեկնաբանվեց, քանի որ ակնհայտորեն ռիսկեր է պարունակում, այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Ինչո՞ւ օրակարգից դուրս մղվեց Աղդամի միջանցքի բացման մասին այդքան ակտիվ շրջանառությունը։ Կոստանյանը բացատրում է՝ արցախյան կողմից թշնամին տեսավ դիմադրություն և տեղի ունեցավ կոշտ հակազդեցություն։ Մարդիկ սկսեցին արձագանքել, որ Աղդամի միջանցքի տարբերակն անընդունելի է և հասարակությունը քաջ գիտակցում է, որ անգամ հումանիտար նպատակով Աղդամով ճանապարհը բացելը կհանգեցնի իրական աղետի և այդ քայլով ցանկացած բեռ հենց մտնի Արցախ՝ կնշանակի ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը։
Այժմ միակողմանի ճանապարհը բացելու լուրը դաշտ են նետել, ըստ Կոստանյանի, որովհետև այս պահին և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկակապես արցախցիների վիճակը կարող է ինչ-որ պահի իրենց հանգեցնել այդ ճանապարհով Արցախից դուրս գալու մտքի ՝ խուսափելով հնարավոր ցեղասպանությունից։
Անդրադառնալով ներքաղաքական ոչ պակաս կարևոր ու վտանգավոր զարգացումներին, նախկին պատգամավորը նշեց, որ արցախյան ներքին բախումները սպասելի և կանխատեսելի էին, քանի որ աշխարհազորայինների ստեղծումը եղել է պատերազմից հետո հենց հեռահար նպատակներով։ Փաստացի այդ քայլը ուղիղ հարված էր Արցախի պետականությանը, և ներսից պետական ինստիտուտների պառակտման գործընթացը կարող է նպաստել ինչ-որ պահի ճնշում գործադրելուն՝ նախագահի հրաժարականի հետ կապված։ Նախագահը ինքն իր ձեռքով, վստահ է Աննա Կոստանյանը, կազմակերպում է ոտնձգություններ, որն էլ ի վերջո կհանգեցնի Արցախի Հանրապետության կազմալուծմանը։
«Ադրբեջանին շատ լավ խաղաթուղթ է տրվել, որը կարող է օգտագործվել ռազմական օպերացիա իրականացնելու համար։ Արցախյան ներքին բախումները, որոնք արվում են գիտակցաբար կամ ուղղորդված ցանկացած այլ անձանց կողմից, այդ քայլերով միայն Արցախի նախագահը ջուր է լցնում Ալիևի ջրաղացին»,- եզրափակեց Կոստանյանը։