Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում «ոստիկանները»          Որպես «սկանդալային երևույթ» թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը       Տեսանյութ.«Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին    

25 օգոս 2023 14:33

Կարծես թե շրջափակման հնարավոր թուլացման նախանշաններ կան.Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություննե՞ր

Eurasianet.org-ը գրում է, որ հաղորդվել է, որ Ադրբեջանը թույլ է տվել Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի քանի տասնյակ բնակիչների մեկնել Հայաստան ավելի քան երկու ամիս տարածաշրջանը խիստ շրջափակման մեջ պահելուց հետո։

Իրադարձությունների այս զարգացումը պատճառ է դարձել ենթադրությունների, որ Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Օգոստոսի 21-ին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը հաղորդել է «Ռուսաստանի անձնագրերով Լեռնային Ղարաբաղում բնակվող մինչև 60 հայերի» Հայաստան տեղափոխության մասին  Լաչին ճանապարհի ադրբեջանական մաքսակետով, որը տարածաշրջանը կապում է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ «Այդ մարդիկ աջակցում էին անջատողականությանն Ադրբեջանում,- ասել է Հանրային հեռուստատեսության թղթակիցը,- սակայն ադրբեջանական կողմը նրանց հնարավորություն է տալիս ազատ և լիովին անվտանգ գնալ իրենց ուզած ցանկացած վայր»։

Լաչինի միջանցքը փակ է 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ ինքնահռչակ էկոակտիվիստները նստացույց արեցին այնտեղ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը մեղադրելով տարածաշրջանում «էկոսպանություն» իրականացնելու մեջ։ Ցույցերն ավարտվեցին ապրիլին այն բանից հետո, երբ Ադրբեջանը մաքսակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի մյուս ծայրում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ։ Թեև Ղարաբաղի բնակիչների մեծ մասը հրաժարվեց օգտագործել այդ մաքսակետը հավատալով, որ այդ քայլը կլինի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, այնուամենայնիվ, այնտեղով որոշակի տեղաշարժ կար։

Ավելի ուշ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց երթևեկությունը միջանցքով, ինչը զգալիորեն սրեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի հետ կապված։ Օգոստոսի 15-ին մարզը հաղորդել է թերսնման հետևանքով մահացության առաջին դեպքի մասին։

Օգոստոսի 17-ին Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց իրավիճակը Լաչինի ճանապարհին և Ղարաբաղում։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ը կոչ են արել Բաքվին կատարել Միջազգային դատարանի փետրվարի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, անվտանգության խորհուրդը որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունց։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես հերքում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես և ՄԱԿ-ում այդ երկրի դեսպան Յաշար Ալիևը։ Անվտանգության խորհրդի նիստում Յաշար Ալիևը նշել էր  Ադրբեջանի Աղդամ քաղաքի միջոցով հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը, որն աջակցվել էր ԵՄ խորհրդի նախագահի և Ռուսաստանի կողմից, սակայն մերժվել էր Ղարաբաղի բնակիչների կողմից: «Եթե Հայաստանն իրոք մտահոգված լիներ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար, ապա չէր առարկի Աղդամ-Խանքենդի ճանապարհն օգտագործել ապրանքներ հասցնելու համար Ղարաբաղի տարածաշրջան»,- ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը։

Այս պայմաններում էլ շրջափակման մասնակի վերացման մասին լուրն անակնկալ էր։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները նշում են, որ Ղարաբաղից հեռացածները Ռուսաստանի քաղաքացիներ են։ «Ադրբեջանում «ռուսական աշխարհի» պլանը ձախողվեց» վերնագրով խմբագրականում Report.az լրատվական գործակալությունն օգոստոսի 21-ին հայերի հեռանալը ներկայացրել է որպես ռուսական իշխանությունների դավադրության բացահայտում։ «Ղարաբաղում ձախողվեց այն խաղը, որ Ռուսաստանը խաղաց Վրաստանում և Ուկրաինայում։ Հայտնի է, որ Կրեմլը ռուսական անձնագրեր է բաժանել այդ տարածքներում բնակվող իրեն հավատարիմ քաղաքացիներին, իսկ հետո այդ երկրների տարածքում ստեղծել այսպես կոչված հանրապետություններ,- ասվում է հոդվածում,- սա կարելի է անվանել այն հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկը, որը Ռուսաստանը մղում է Ադրբեջանի դեմ»: Բացի դա հոդվածում ևս մեկ անգամ հնչում է Բաքվի պահանջը, որպեսզի Ղարաբաղի հայերը «ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունն ու օրենքները»։ Հիշեցնենք, որ ժամանակին խոսվում էր այն մասին, որ  ղարաբաղցի հայերը կդառնան Ռուսաստանի քաղաքացիներ, իսկ տարածաշրջանը կվերածվի յուրատեսակ ռուսական պրոտեկտորատի:

Օգոստոսի 21-ին հայկական ընդդիմադիր Pastinfo.am-ը հայտնել է, որ Ղարաբաղի իշխանությունները պայմանավորվել են Ադրբեջանի իշխանությունների հետ օգնություն տրամադրելու համար Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին, և որ երկու կողմերի ներկայացուցիչները մոտ օրերս կհանդիպեն Ադրբեջանի Բարդա քաղաքում, որը գտնվում է Ղարաբաղի մոտ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հաղորդագրությունն ընդունել են որպես ազդանշան, որ համաձայնագիր է մշակվում Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։ Օգոստոսի 22-ին Արցախի դե ֆակտո նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել Pastinfo.am-ին։ Նա ուղղակիորեն չի հաստատել կամ հերքել Բարդայում Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին լուրերն ասելով միայն, որ Ղարաբաղը պատրաստ է Բաքվի հետ քննարկել հումանիտար հարցեր, բայց ոչ «Արցախի պետականության ինտեգրումը կամ լուծարումը»: Նա նաև նշել է, որ Աղդամը Ղարաբաղին կապող ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի ճանապարհի բացմանը զուգահեռ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր