Սահմանային իրավիճակով պայմանավորված ո՞ր քաղաքական ուժերն այսօր քարոզարշավ չեն իրականացնի
«Հարգելի երևանցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։
Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց այսօրվա քարոզարշավը չեղրկելու մասին՝ նշելով.«Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի Երևանի ավագանու ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը, որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը.«Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հայկ Մարությանի թիմակից, ավագանու անդամի թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ երևանցիներն այսօր բակերում թող իրենց չսպասեն. «Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում»:
«Ապրելու երկիր» կուսակցությունը ևս այսօր նախընտրական քարոզչություն չի իրականացնի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը.«Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։
Հայ զինվորի կողքին ենք․․․»,- մասնավորապես գրել է նա։