Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

14 սեպ 2023 12:02

Հայկական կողմը պատրաստ է զորքերը հայելային հետքաշել, եթե. Ադրբեջանի ԶՈՒ-ն դուրս բերվի ՀՀ տարածքից

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:


«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, որոնց աղաղակող տեսաձայնագրություններն առկա են և որոնք քննադատվել են միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հանդիսանում են ռազմական հանցագործություններ և պետք է արժանան նաև միջազգային հստակ իրավական քննության և համընդհանուր գնահատականի։


Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։ Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:


Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման գործելաոճի կանխման հստակ ուղերձ:


Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։


Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր