Վրաստանում բռնի իշխանափոխություն են ուզում անել արտասահմանյան երկրների համակարգմամբ եւ ֆինանսական աջակցությամբ
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հանդես է եկել արտակարգ հայտարարությամբ՝ պնդելով, որ երկրում նախատեսվում է բռնի իշխանափոխություն, հաղորդում է Նովոստի Գրուզիան։
«Անձանց որոշակի խումբ ծրագրում է ապակայունացում եւ քաղաքացիական անկարգություններ Վրաստանում այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ որոշակի անձինք իրենց տրամադրության տակ ունեն տեղեկատվական ցանցեր, որոնք հանրային հուզումներ են նախապատրաստում՝ օգտագործելով Վրաստանի կառավարության ռուսամետության թեզը:
Պլանի նախապատրաստման հետ կապ ունեցողների թվում Վրաստանի ՊԱԾ-ը նշել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեին եւ Վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին:
ՊԱԾ-ի հավաստմամբ ՝ ծրագրի իրականացումը պլանավորվում է արտասահմանյան երկրների համակարգմամբ եւ ֆինանսական աջակցությամբ:
«Կազմակերպիչները դիտարկում են 2014 թվականի Ուկրաինական «Եվրամայդանին» նման սցենարի հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
ՊԱԾ-ը նաեւ գրում է, որ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում։