Շտապ.Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին, գերխնդիր է մարդկանց էվակուացումը
Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։ Արցախցիների կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:
Նա նաեւ նշել է. «Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Մարտակերտին, որքան գիտեմ, երեք օր ժամանակ էին տվել։ Ստեփանակերտի ծայրամասից (Կրկժանի կողմից) կրակում են քաղաքի վրա։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրսբերելու համար։
Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ամենահարմար առիթն է այդ մասին բարձրաձայնելու։ Հուսով եմ, որ գոնե դա կանեն, գոնե դրանում կհաջողեն, գոնե դրա համար պլոճիկ կունենան։
Առանց միջազգային ներկայության տարհանումն անհնար է, քանի որ մի շարք խոչընդոտներ կան։ Դրանցից ամենակարևորը ռուսների վերաբերմունքն է։ Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է, և այս մասին պիտի բարձրաձայնել։ Հենց այս նպատակով ռուսներն Արցախում տարածում են, որ իբր Հայաստանը չի ուզում ընդունել արցախցիներին։ ՀՀ իշխանությունները պետք է հստակ, մինաշանակ և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեն, որ պատրաստ են ընդունել մարդկանց։
Կարծում եմ, բոլորն էլ ցանկություն կհայտնեն դուրս գալու, բացառությամբ այն մարդկանց, որոնց հարազատների ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նրանք կարող է իրենց կյանքը վտանգի տակ դնելով սպասեն՝ մինչև մի լուր առնեն։ Բայց նրանց էլ պիտի համոզել։
Ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ»։