«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

25 սեպ 2023 14:49

Տղամարդու աչքի առաջ երեխային գնդակահարել են, իսկ կնոջը բռնաբարել և տարել են․ Զոհրաբյան

Արցախ այլևս չկա, առաջին անգամ Արցախի ողջ պատմության մեջ մենք ունենալու ենք Արցախ առանց հայի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։


«Այն, ինչ կատարվում է Արցախում, բառերով նկարագրելի չէ. Մարտակերտը ամբողջովին դատարկվեց, մարդիկ այրում են իրենց գույքը, մարդիկ այրում են այն ամենը ինչ ունեն։ Ստեփանակերտում մարդիկ հավաքված են Վերածննդի հրապարակում և ելք են փնտրում Արցախից դուրս գալու»,- ասաց նա:


Զոհրաբյանը կոչ է անում Արցախի պաշտոնյաներին կարգավորել մի շարք հարցեր, որոնք դուրս են մնում պաշտոնական լրահոսից, բայց ուղղակիորեն կապ ունեն մարդկային ճակատագրերի հետ․


«Առաջին հարցը՝ Արցախի պաշտոնյաներ համակարգեք վառելիքի խնդիրը: Մարտունիում մարդիկ իրենց իրերը հավաքել են և սպասում են, թե երբ կլինի վառելիքը, որ մեքենաներով դուրս գան։ Այս պահին հոսքը շատ է և վառելիքը դադարացրել են տալ, քանի որ խցանումներ կան։ Մարդիկ հուսահատության մեջ են, պետք է ավելի կազմակերպված լուծել այդ հարցը։ Երկրորդ խնդիրը. քանի որ լույս չի եղել նաև դիահերձարաններում, հիմա Ստեփանակերտում դիակի հոտ է, հնարավորություն չի եղել դիակները պահել, շատերը ուղղակի վերցրել և թաղել են դիակները։ Բայց հիմա հնարավորություն կա տարհանվելու, ինձ դիմել է մի կին, ով ուզում է իր ձեռքերով թաղած որդու դիակը հանել և վերցնել իր հետ և փորձել տեղափոխել, արդյո՞ք դա հնարավոր է»,- ասաց Զոհրաբյանը։


Հարց երրորդ՝ մարդիկ չեն կարողանում ստանալ մահվան վկայականները։


«Ինչ-որ տեղեկանք տվեք մարդկանց, ովքեր տարհանվելու են Հայաստան, որ իրենց որդին, ամուսինը, երեխան զոհվել է, սպանվել է, մահացել է։ Այս տեղեկանքների հարցը պետք է լուծվի։ Այսօր մենք ունենք բազմաթիվ հարցեր, այս մարդիկ ունեն հոգեբանների օգնություն»,- ասաց նախկին պատգամավորը։


Ըստ Զոհրաբյանի, նա չի լսել որևէ հայրենակցից, որ պատրաստ է մնալ Արցախում։ Ասում է, որ իրեն արցախցիները շատ են զանգահարում, նրանք բոլորն ուզում են շուտ դուրս գալ Ադրբեջանին հանձնված հայրենիքից։


Զոհրաբյանն առաջարկում է թեժ գիծ բացել, հավաքել հոգեբանների, փորձել օգնել մարդկանց, քանի որ կան մարդիկ,  որ ինքնասպանության եզրին են կանգնած։ Նա դիմում է ընդդիմադիր պատգամավորներին, որ օգնեն մարդկանց։ 


«Օգնեք մարդկանց տաք հագուստով, սնունդով, տեղ հատկացրեք և պատասխանատու նշանակեք, քանի որ սա գաղթ էղ։ Այս բոլոր վայրագություններից հետո միայն վիժվածքը կարող է ասել, որ արցախցին կարող է անվտանգ ապրել ադրբեջանցիների կողքին։ Այս վայրագություններից հետո մնալ Ադրբեջանի տիրապետության տակ նշանակում է ուղղակի ցեղասպանություն, ադրբեջանցիները երեխաներ են գնդակահարել, երեխաներ են անարգել, կանանց են բռնաբարել։ Տղամարդու աչքի առաջ իր երեխային գնդակահարել են, իսկ կնոջը բռնաբարել և տարել են։ Ո՞վ կարող է մտածել, որ հրեշի և մարդասպանի կողքին կարելի է ապրել։ Այսօր այդ մարդկանց պետք է կարողանանք տեղավորել և զբաղվենք իրենց խնդիրներով։ Պետք է հասկանանք՝ ինչ մաշտաբի է լինելու այս նոր գաղթը, բոլորը դուրս են գալու»,- ասաց նա: 


Ըստ Նաիրա Զոհրաբկանի, ծանր վիրավորների տեղափոխման հարցն է պետք լուծել։ Շատ ծնողներ ասում են, որ իրենց երեխաները առաջնահերթության ցուցակում են եղել, բայց իրենց դեռ չեն տեղափոխել։ 


Հիշեցնենք, ըստ Կառավարության՝ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:


Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր