Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն.Ադրբեջանն անհայտ թվով անձանց նույնպես գերեվարել է

Պրոֆեսոր Մակդոնալդն արձանագրում է, որ էթնիկ զտման գործընթացն օրեցօր ամրապնդվում է, ԼՂ-ն քաղաքական, մշակութային տեսանկյունից «կլանվում» Ադրբեջանի կողմից, ոչնչացվում է ԼՂ հայկական բնույթը՝ նպատակ ունենալով բացառելու նրանց վերադարձի որևէ հնարավորություն։
«Ադրբեջանը 300 հետախուզվողի ցուցակ է կազմել, մարդիկ, որոնց ցանկանում են ձերբակալել։ Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված պաշտոնյաներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Սա հիմք է կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով անձանց նույնպես գերեվարել է։ Այս ամենն արվում է հայկական հետքը, հայկական մշակույթը ջնջելու համար, ասես՝ հայերն այնտեղ դեռ չեն էլ եղել»,- նշեց նա։
Պրոֆեսոր Մակդոնալդի խոսքով՝ ատելությունը տարածվում է լեզվի վրա, ինչի մասին խոսել է Ալիևը՝ ասելով, որ այսուհետ այստեղ հայկական երգեր չեն հնչի։ Հայերենով ցուցանակներն ակտիվորեն ոչնչացվում են: Վերադարձի և բազմազգ դրախտում ապրելու խոստումները վստահություն չեն ներշնչում։ Պրոֆեսորը հիշեցրեց, որ Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք այստեղից «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն։