Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

31 հոկ 2023 12:00

Կարծես թե «Զանգեզուրի միջանցք» ասվածը ՀՀ-ի տարածքով Ադրբեջանի համար կորցրել է իր գրավչությունը. սա գուցե նոր ձև է ՀՀ-ի դեմ ճնշումներ գործելու

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը կարծես փոխել է իր հռետորաբանությունը և պաշտոնական մակարդակներում արված հայտարարությունների միջոցով ընդգծում է, որ իրենց համար այլևս հետաքրքիր չէ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։

Քաղաքագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս ամենն արդյունք է Իրանի անզիջում դիրքորոշման, նաև պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի առաջխաղացման։

Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը այս պայմաններում իրենց ռեսուրսների կենտրոնացման խնդիր ունեն, և նման աշխարհաքաղաքական պայմաններում հայտնվել են երկիմաստ կողմում․ «Մի կողմից կան Իսրայելի հետ սերտ կապեր, մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահի ցանկությունը մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալու հետ կապված, մյուս կողմից Ադրբեջանի չեզոք, բայց պրոիսրայելական դիրքորոշումն է, և այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» հարցը ստորադասվում է իրենց համար այդ օրակարգային հարցի միջոցով»։

Քաղաքագետի կարծիքով՝ այս հարցում չպետք է անտեսել նաև Արևմուտքի ռազմաքաղաքական աջակցությունը, հատկապես՝ Սյունիքի ուղղությամբ։ Սրանք հանգամանքներ են, որոնք նույնպես նպաստել են նրան, որ Ադրբեջանը հրաժարվի իր նկրտումներից, սակայն քանի դեռ ադրբեջանական կողմը մերժում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, կասկածներ են առաջանում, որ նա հարմար առիթի է սպասում՝ իր զավթողական քաղաքականությունն իրականացնելու համար։

«Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» գրավչության կորստի, թեկուզ այն արտահայտությունը, թե Հայաստանն այս մասով սխալ է հասկացել իրենց, դրանք բոլորը քողարկված լինելու քաղաքականություն են, կենցաղային խոսույթ, որով պարզապես ընդգծվում է, որ Ադրբեջանի նպատակները տապալվել են, ձախողել են դիվանագիտական-քաղաքական արշավանքը և նահանջում են երգով»,- ասում է Խալաթյանը։

Ուկրաինական պատերազմի արդյունքում ակնհայտ թուլացած Ռուսաստանը նույնպես զգուշավորություն է հաղորդում Ադրբեջանին։ Քաղաքագետը ընդգծում է՝ այժմ ՌԴ-ն չունի ներուժ, որով կկարողանա Հայաստանին որևէ բան պարտադրել․ «Հայաստանը ցանկանում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեզոքացնել, իսկ Ռուսաստանը փորձում է բոլոր կանոնները խախտելով՝ վերակենդանացնել այդ փաստաթուղթը, որպեսզի դրանով պրոռուսական և պրոադրբեջանական կետերի լիարժեք կատարում պահանջի ՀՀ-ից։ Այս համատեքստում ես կարծում եմ, որ ՌԴ-ի դիվանագիտական ջանքերն ու առաքելությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում որպես միջնորդ ներկայանալու ունենալու է ագրեսիվ նկրտումներ դեպի Հայաստանը»։

Այնուամենայնիվ, ըստ Խալաթյանի, այս ամենը հաշվի առնելով՝ չի կարելի ենթադրել, որ Ադրբեջանն ամենամոտ ապագայում, գուցե նաև մեկ տարի հետո ռազմական գործողություն կամ նոր էսկալացիա չհրահրի Հայաստանի դեմ։

Անդրադառնալով նաև «Զանգեզուրի միջանցքի», այսպես ասած, այլընտրանքային ճանապարհին, որը անցնելու է Իրանի տարածքով, և որի համար ադրբեջանական ու իրանական կողմն արդեն սկսել են շինարարական աշխատանքները՝ վերջինս կարծում է, որ սա գուցե նոր ձև է Հայաստանի դեմ ճնշումներ գործելու։

«Զանգելանում, Հայաստանի հարակից ադրբեջանական տարածքներում նոր շինարարական, ռազմական ամրությունների կառուցումը հեռուն գնացող նպատակներ ունեն․ Հայաստանի դեմ հարձակման առաջին իսկ հնարավորության դեպքում դրանք կարևոր միջոցներ կարող են լինել։ Իրանի հետ ճանապարհը կունենա տնտեսական նշանակություն, իսկ Հայաստանի դեպքում այդ նշանակությունն այլ է․ ճանապարհ դեպի մահմեդական աշխարհ։ Նման պարագայում կարող ենք ստանալ նաև Հայաստանի նոր տիպի շրջափակում, ո՛չ պատերազմ ո՛չ խաղաղություն։ Մոտ ապագայում էլ կունենանք կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղության պայմանագիր»,- ասում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր