Ես չգիտեի, որ հղի եմ, մինչև տանը ծննդաբերեցի. Հղիության բազմաթիվ թեստեր բացասական են եղել, բժիշկները նույնպես չեն կարողացել ախտորոշել

42-ամյա Թոնի Բրաունը, որը բնակվում է Էսսեքս նահանգի Սթենսթեդ Մաունթֆիչեթ բնակավայրում, հոկտեմբերի վերջին ծննդաբերել է իր տան լոգարանում։
Բրիտանուհին պատմել է, որ մի քանի ամիս առաջ սկսել է որովայնի շրջանում ցավեր, այտուցներ և «ստամոքսում գոյացության» ցավոտ զգացողություն։ Հղիության բազմաթիվ թեստեր բացասական են եղել։ Թերապևտը նույնպես հղիության նշաններ չի նկատել ու Բրաունի համար անալիզներ չի նշանակել։
Հույս ունենալով ազատվել իր ախտանիշներից՝ կինը փոխել է սննդակարգը, սակայն դա չի օգնել։ Կրկնական հետազոտության ժամանակ բժիշկները նույնպես չեն կարողացել ախտորոշել ու նրան լուծողական դեղամիջոց են նշանակել։ Հոկտեմբերի 26-ին Բրաունը հոսպիտալացվել է ուժեղ ցավերով, սակայն բժիշկները նրան պարզապես կլիզմա են նշանակել ու տուն ուղարկել։
Այդ երեկո Բրաունի ամուսինը լոգարանից լսել է նրա ճչոցը։ Տղամարդը վազել է սենյակ և գտել կնոջը հատակին, արյունոտված վիճակում, իսկ մոտակայքում եղել լացող նորածինը: Բրիտանացին խոստովանել է, որ դեռ ցնցված է, թե ինչպես է իմացել, որ երրորդ անգամ է հայր դարձել։ «Ես պետք է բռնեի Թեոյին և փաթաթեի սրբիչով: Ես ուղղակի ցնցված էի»,- ասել է նա:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան մորն ու երեխային տեղափոխել է հիվանդանոց։ Պարզվել է, որ Թեոն ծնվել է վեց շաբաթ շուտ։ Տղային անմիջապես տեղավորել են ինկուբատորում։ Այժմ նա առողջ է և իրեն լավ է զգում։
Բրիտանուհու ամուսինը պատմել է, որ ծննդաբերությունից առաջ վերջին ամիսներին նրա փորը հազիվ է մեծացել, ուստի հնարավոր հղիության մասին չեն էլ մտածել։ Նա զարմանք է հայտնել, որ բժիշկները հետազոտությունների ժամանակ ոչինչ չեն նկատել։
«Ես չգիտեի, որ հղի եմ, մինչև տանը ծննդաբերեցի»,- ասել է բրիտանուհին։