Միհրան Պողոսյանին չեն ձերբակալել և, առավելևս, չեն պատրաստվում արտահանձնել
![](https://infoport.am/uploads/posts/abc6a7d0905b491a43bb962afc7dd251.jpg)
Տեղեկատվության աղբյուրը ռուսաստանյան տելեգրամյան ալիքներն էին, համաձայն որոնց` Միհրան Պողոսյանին Մոսկվայում կանգնեցրել է պետավտոտեսուչը, ստուգել նրա փաստաթղթերը, նրա մոտ եղել է փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, որից հետո Պողոսյանին ձերբակալել են և պատրաստվում են արտահանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:
MediaHub-ի տեղեկություններով` Պողոսյանին, իրականում, ՌԴ իրավապահ մարմինները չեն ձերբակալել և, առավելևս, չեն պատրաստվում արտահանձնել:
Մեզ ասացին, որ Պողոսյանի ավտոմեքենան կանգնեցրել է պետավտոտեսուչը ճանապարհային կանոնների խախտման հետ կապված, պահանջել են փաստաթղթերը, որը տևել է բավականին երկար, քանի որ ինչ-որ խնդիրներ են եղել փաստաթղթերի հետ կապված: Այդ ընթացքում որոշակի վիճաբանություն է տեղի ունեցել Միհրան Պողոսյանի և ՌԴ պետավտոտեսչության աշխատակիցների միջև: Սակայն նրան ոչ ոք չի ձերբակալել, անգամ արգելանքի չեն վերցրել, և որոշ ժամանակ անց բաց են թողել:
Մեզ ասացին նաև, որ Պողոսյանի մեքենան կանգնեցնելն ու նրա մեքենան ստուգելը կապ չի ունեցել ՀՀ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման հետ:
MediaHub-ը կապ հաստատեց Միհրան Պողոսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը ոչ հերքեց մեր տեղեկությունը, ոչ հաստատեց, միայն ասաց.
«Ես իր հետ կապի չեմ եղել այս օրերի ընթացքում և Ձեր նշածի հետ կապված` ձերբակալել են, թե ոչ, որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»:
Մեր աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ տեղեկությունը տարածվել է երեկ, սակայն միջադեպը տեղի էր ունեցել ավելի վաղ, և երբ տեղեկությունը տարածվել է, ամեն ինչ վաղուց ավարտված է եղել, նա ձերբակալված չի եղել:
Նշենք, որ Միհրան Պողոսյանը Մոսկվայում հաճախ լինում է «Արարատ Հայաթ» հյուրանոցում, և նրան այդ հյուրանոցում պատահական տեսել են նաև Հայաստանից ժամանած տարբեր հանրային դեմքեր ու պաշտոնյաներ, այդ թվում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ մեկնած ՔՊ-ականներ: