Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր. Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանի խոսքերը շանտաժ որակեց

Այս մասին հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմն ոչնչացնելուն ուղղված քայլ է»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց․
«Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների նախագահ մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեությունը։
Իսկ ես ինչ եմ գտնում որպես ԱԺ նախագահ, կարծում եմ օրենքից վեր չի կարող լինել։ Հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, որ օրենքով նախաձեռնված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել նիստի օրակարգ»։
Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանի խոսքերը շանտաժ որակեց։
«Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները սպանել հանձնաժողովների մակարդակում»,-ասաց պատգամավորը։
Ալեն Սիմոնյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Խաչատյանի հարցադրման հետ՝ նշելով, որ կան շատ օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։