Թամազյանի վրա գոռացել եմ՝ «դուրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», որովհետև վիրավորել է, նիստերը ցածր մակարդակի է անցկացրել. ՔՊ պատգամավոր

Պատգամավորը նշեց, որ ավագանու 14 ընտրված անդամներին Թամազյանն անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել. «Ուղղակի թույլ տալ չի կարելի, կա սահման, որ չի կարելի հատել։ Նիստերը գրեթե ամբողջ տարվա ընթացքում նա վարել է անբացատրելի ցածր մակարդակի, անձնական էթիկայի կանոնները խախատելով, մարդկանց վիրավորելով»։
Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ անդամները լարված իրավիճակում կարողացան անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Պատգամավորը պնդեց, թե կատարվածը խուլիգանություն էր։ «Ես ցավում եմ կատարվածի համար, գիտեք, որ եկան, քվեատուփը շրջեցին, դրանք մարվեցին և օրենքով սահմանված կարգով նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Լուռ նստած էին բոլորը՝ մինչև անձնական տիպի վիրավորնքներ սկսեցին տալ ներկաների հասցեին և ստացան համարժեք պատասխան»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք հասունացել էր անվստահություն հայտնելու հարցը՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ դրա համար մի քանի պատճառ կար, որից մեկը Ալավերդու համայնքային բյուջեի դեֆիցիտն էր, որը կազմում է 421 մլն դրամ։ «Սա բյուջեի կառավարման տապալում է»,-ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ հունվար ամսից խայտառակ հակաիրավական գործընթացներ են տեղի ունենում համայքնապետարանում, ղեկավարի տեղակալներն ապօրինի են նշանակվել՝ առանց ավագանու, և 6 ամիս այդ մարդիկ ստացել են ապօրինի աշխատավարձ։