Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ    

15 դեկ 2023 11:50

Խիստ վտանգավոր է հատկապես Հայաստանի համար․ Զախարովան «զգուշացրել է»

Հաշվի առնելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը՝ Մոսկվան չափազանց վտանգավոր է համարում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները չեղարկելու փորձերը։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը նա արել է՝ չկարողանալով թաքցնել Եվրամիության ջանքերի և հայկական կողմի առաջընթացի նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Իր հայտարարության մեջ Զախարովան հայտնել է, թե Երևանում որոշ քաղաքական գործիչներ դժգոհություններ են հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերից և խոսում են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» մասին։

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս հարցերը։

Եռակողմ համաձայնագրերի շարքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից բաղկացած Բաքվի և Երևանի հաշտեցման ոչ այլընտրանքային «ճանապարհային քարտեզ» է։ Այն ընդգրկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում, հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացում: Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը դրանց վերաբերյալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ հնարավոր չի լինի կանգնեցնել այդ մարտահրավերները։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանի և Հարավային Կովկասի այլ պետությունների համար, նրանց խնդիրն այլ է. մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։

Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով հնարավոր չեղավ ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք արդեն նշել ենք այս կետերը»,-կիսասպառնալի հայտարարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ բանն այն է, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ ճանաչելով նրա պատկանելությունն Ադրբեջանին և անգամ, ըստ ռուսական տեսակետի, «մոռացել է» գոնե հիշատակել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։

«Այս որոշումը արմատապես փոխեց իրավիճակը այն տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Բացասական ազդեցություն են ունեցել նաև հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին զենք մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի չցանկանալն ապահովել հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրեց սեպտեմբերի ռազմական բախումներին»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր