ՌԴ-ն կորցրել է Անդրկովկասը, և միայն ադրբեջանական և հայկական բիզնեսին հարվածելը կարող է ստիպել, որ մեր կարծիքը հաշվի առնվի

«Իհարկե, խնդրահարույց թեմաներից մեկը, որը դեռևս կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը, մնում է անկլավների հարցը, - ընդգծել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- իսկ ընդհանրապես, և՛ Բաքվի, և՛ Երևանի ներկայացուցիչները, և մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ այժմ լավատեսորեն են խոսում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այնուամենայնիվ, կարող է գործել «տարեվերջի էֆեկտը», երբ բոլոր ներգրավված կողմերի համար կարևոր է ինչ-որ միջանկյալ արդյունք ցույց տալը: ԱՄՆ-ի համար, որը վերջերս ակտիվացրել է իր աշխատանքն այդ տարածաշրջանում, կարևոր է ցույց տալ, որ իր ջանքերը բերում են կոնկրետ արդյունքների։ Եվ Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ իրենք պատրաստ են արդյունավետ երկխոսության։ Իսկապես, ի տարբերություն ներքին լսարանի, որը, որպես կանոն, իր երկրի ղեկավարությունից ակնկալում է կոշտ դիրքորոշում արտաքին քաղաքական հարցերում, արտաքին դիտորդների տեսանկյունից անզիջողականությունը սովորաբար վատ է ընկալվում»։
«svpressa.ru».- Դիտարկենք սահմանազատումը: Ըստ Փաշինյանի դա պետք է լինի խորհրդային քարտեզներով։ Բայց դրանք շատ են, և դրանք տարբեր են: Ինչպե՞ս կարող են այստեղ փոխզիջում գտնել:
— Ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են տարիներ շարունակ ձգվել։ Այս դեպքում, եթե կողմերը կարողանան փոխզիջման գալ անկլավների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, գուցե հնարավոր լինի արագացնել նաև սահմանների սահմանազատման շուրջ երկխոսությունը։
«svpressa.ru».- «Անկլավային գյուղերի» հարցը կլուծվի՞:
- Իսկապես, դա բարդ խնդիր է: Եթե լինի շուտափույթ համաձայնագիր կնքելու կողմերի բարձր շահագրգռվածություն՝ կլուծվի, բայց դա կարող է դառնալ ոչ միայն բանակցությունները ձգձգելու գործոններից մեկը, այլ նաև, ինչը չի կարելի ամբողջությամբ բացառել, նոր զինված միջադեպերի հրահրման գործոն։
«svpressa.ru».- Զանգեզուրի միջանցքը, ընդհանուր առմամբ, ամենաթույլ օղակն է։ Եռակողմ համաձայնագրում խոսվում է նաև Լաչինի միջանցքի մասին, սակայն ԼՂՀ-ի լուծարումից հետո դրա հարցը հանվել է։ Հիմա Հայաստանը կարող է ուղղակի ասել. այդ ժամանակ մեր ինչի՞ն է պետք Զանգեզուրի միջանցքը։
— Երևանի համար իր տարածքով տրանսպորտային ուղիների բացումը կարող է ինքնին շահավետ լինել։ Այլ բան է այն, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ ենթադրում է ռուս սահմանապահների կողմից այդ միջանցքի վերահսկում: Բայց դժվար թե Երևանը ներկա պայմաններում դա դիտարկի որպես օպտիմալ տարբերակ: Չմոռանանք նաև, որ հենց Հայաստանի ներսում էլ քիչ չեն հաղորդակցությունների ապաշրջափակման քննադատները, ովքեր այդ ուղղությամբ քայլերն ընկալում են որպես զիջումներ Բաքվին և Անկարային։
«svpressa.ru».- Երևանը միշտ դեմ է եղել դրան, ինքն է ցանկանում վերահսկել, ինչին դեմ է Բաքուն։ Հնարավո՞ր է այստեղ համաձայնության գալ, և այնպես, որ Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն։ Իսկ եթե Ալիևն ինքն է «կտրում» միջանցքը, ապա նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանը։ Մենք կարող ենք լիովին դուրս մնալ այդ շղթայից...
- Հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի միջև սառը հարաբերությունները, որոնք հատկապես սրվեցին 2023 թվականի աշնանը, Ռուսաստանի համար դժվար կլինի հասնել այդ երթուղու անվտանգության պահպանման իր շահերին։ Համենայնդեպս, Մոսկվայի համար այդ հարցի լուծումը ենթադրում է շատ բարդ բանակցություններ Երևանի, հավանաբար, նաև Բաքվի և Անկարայի հետ փոխգործակցության ակնկալիքով։
«Ռուսաստանն այլևս այդ հարցի մեջ չկա, - ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեզ փաստացի դուրս մղեցին Անդրկովկասից և միանգամից և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի ձեռքով: Հիմա նրանք արդեն վերահսկում են Վրաստանն ու Հայաստանը, և որոշելու են այդ հակամարտության ճակատագիրը։ Նրանք միայն Թուրքիային են հարցնելու: Հայաստանին ու Ադրբեջանին չեն հարցնի, նրանք կհամաձայնվեն այն որոշման հետ, որը կկայացնի Արևմուտքը։ Այդ որոշումը կողմերից ոչ մեկին ձեռնտու չի լինի, բայց նրանք կընդունեն այն։ Արևմուտքը, ի տարբերություն մեզ, սովոր չէ «բնիկների» հետ արարողակարգով գործել։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունները հաշվի կառնվեն, և Արևմուտքը կստիպի Հայաստանին տալ Զանգեզուրի միջանցքը։ Դրա դիմաց Արևմուտքը կստիպի Ադրբեջանին Հայաստանին տալ երկու ռազմավարական առումով աննշան լեռնային շրջան՝ երեք քրիստոնեական վանքերով։ Մենք կորցրել ենք Անդրկովկասը, և միայն ադրբեջանական և հայկական բիզնեսին հարվածելը կարող է ստիպել, որ մեր կարծիքը հաշվի առնվի»։