Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան. Ռուսաստանն այլևս չի հասնի իր նպատակներին Ուկրաինայում
![](https://jam-news.net/app/uploads/2022/02/skynews-ukraine-russia-reservists_4507648.jpeg)
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ներխուժման նպատակն էր՝ թույլ չտալ Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն, սակայն գրեթե երկու տարվա պատերազմից հետո Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, քան երբևէ»,- ասել է Ստոլտենբերգը dpa գործակալության հետ զրույցում։
«Նախագահ Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան. սա Ռուսաստանի համար մեծ ռազմավարական պարտություն է»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը՝ վստահություն հայտնելով, որ մի օր Ուկրաինան կհասնի իր նպատակին և կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հիշեցրել է այն հսկա գինը, որը Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի դեմ պատերազմի համար. ըստ Ստոլտենբերգի՝ Մոսկվան արդեն կորցրել է հարյուրավոր ինքնաթիռներ, հազարավոր տանկեր և ունի 300 հազար սպանված ու վիրավոր զինվոր, պատերազմի պատճառով ավելացել է գնաճը և նվազել է կենսամակարդակը, Ռուսաստանն այժմ քաղաքականապես ավելի մեկուսացված է, քան նախկինում։
Գլխավոր քարտուղարը, միաժամանակ, զգուշացրել է՝ չակնկալել պատերազմի արագ ավարտ։ Նրա կարծիքով՝ նշաններ չկան, որ Պուտինը կփոխի իր բռնած ուղին մարտի 17-ին սպասվող նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո։ «ՆԱՏՕ-ի և նրա անդամների համար դա նշանակում է՝ պետք է շարունակել ուժեղ աջակցություն ցուցաբերել Կիևին»,-ասել է Ստոլտենբերգը: