Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

05 հուն 2024 21:18

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ. Տեսանյութ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ. ՏեսանյութՀունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
 
Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. «Սիրելի՛ Սրբազան, Ամանորի և Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոների առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ ուխտապահ եկեղեցականաց դասին, թեմական ու համայնքային վարչությանց հարգարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:
 
Փառաբանական աղոթքներով օրհներգում ենք Միածին Որդուն, որ աշխարհ եկավ՝ մեղավոր մարդու առջև բացելու փրկության և երկնքի արքայության ճանապարհը, որպեսզի, ինչպես ավետարանիչն է հաստատում, «Ամենայն, որ հաւատայ ի Նա` մի կորիցէ, այլ ընկալցի զկեանս յաւիտենականս» (Հովհ. Գ 16): Բեթղեհեմյան աստղալույսով ողողված Սուրբ Ծննդյան ավետիսը դարեր շարունակ վկայում է մեր կյանքում Աստծո փրկարար ներկայության մասին և զորացնում հավատը, առատացնում հույսն ու սերը բարեպաշտ հոգիներում։
 
Մեր ժողովուրդը փրկչական 2024 թվական մուտք է գործում մեծ կորուստների ցավով և մեր երկրում ստեղծված իրավիճակի շուրջ խորը մտահոգություններով: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, արցախահայության նկատմամբ ցեղասպանական գործողությունները և Արցախի հայաթափումը մեր ժողովրդին կանգնեցրել է անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Այս բարդ իրադրության մեջ մեր Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի իր ջանքերը՝ ամուր պահելու մեր ժողովրդի միասնականությունը, որպեսզի տիրավանդ սիրով ու հավատքի զորությամբ համախմբված՝ Մեր զավակունք ձեռնամուխ լինեն պատուհասած փորձությունների հաղթահարմանը և ազգի ապահով ու բարօր կյանքի և լուսաշող ապագայի կերտմանը։ Այսօր ազգովի նվիրական պարտք ունենք աննկուն ոգով գործել՝ ի խնդիր մեր հայրենիքի զորացման, Արցախից բռնի տեղահանված հավատավոր հայորդիների իրավունքների պաշտպանության, ինչպես և միասնական հանձնառություններով շարունակել հոգատարություն ցուցաբերել նեղությունների և կարիքների մեջ հայտնված Արցախի Մեր զավակներին։
 
Փրկչի Սուրբ Ծննդյան տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք վերստին բերում Ձեզ, թեմիդ ուխտապահ հոգևոր դասին, թեմական ու համայնքային վարչությանց անդամներին և հավատացյալ ժողովրդին՝ մաղթելով, որ մարդացյալ Փրկիչը պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի հովանու ներքո և պարգևի հարանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցու:
 
Հայցում ենք նաև, որ Ամենազոր Տերը երկնային Իր խաղաղությունը հեղի աշխարհին, սիրո և հանապազ օրհնության առատ շնորհներով զորացնի ազգս հայոց` վասն հայրենի մեր երկրի խաղաղ, ապահով և առաջընթաց կյանքի»։

Սուրբ Պատարագի ավարտին Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հավատավորներին փոխանցեց Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ։ Ապա Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին։
 
Սուրբ Ծննդյան շարականների երգեցողության ներքո հոգեւորականների թափորը քայլեց դեպի առաջնորդարան, որտեղ Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ։ 
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, եւ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունն այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:
 
Վաղը` հունվարի 6-ին, տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելն ու աշխարհին հայտնվելը:
 
Հունվարի 7-ին բոլոր եկեղեցիներում մեռելոց հիշատակի Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստայան կարգ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր