Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում.«Մուրացան»-ում 2երեխայի մոտ կորոնավիրուս է
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակում են գրանցվել սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի դեպքեր:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, ս/թ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն են ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 81 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:
«Ի դեպ, եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա կարող ենք ասել, որ արձանագրվել է շուրջ 32%-ով սուր շնչառական վարակով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում:
Հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում «Թոքաբորբ» ախտորոշմամբ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն է ստանում 26 երեխա, որը, սակայն, շուրջ 62%-ով գերազանցում է հունվարի 7-ի դրությամբ նույն ախտորոշմամբ հոսպիտալացված 0-4 տարեկան երեխաների թվին: Այս դեպքերը արդեն բարդացած վիրուսային վարակի դեպքերն են, որոնք կարող են կրել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ բնույթ:
Պետք է նշել, որ այս ցուցանիշները հիմնականում համապատասխանում են մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:
Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը:
Ըստ այդմ՝ հակաբակտերային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը նպաստում են դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:
Արդյունքում մանրէները այնքան են փոխվում, որ հակաբակտերային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
Հակաբակտերային դեղերը կարևոր ռեսուրսներ են, սակայն կիրառվում են լուրջ բակտերային վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար: