Եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք, որ պատմական արդարությունը վերականգնենք, ապա ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանա

Նրա խոսքով՝ եթե դու նպատակ ունես, որի լեգիտիմությունն միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, ապա առաջանում են բազմաթիվ խնդիրներ։
«Ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է դարձնենք մարտունակ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու նպատակով։ Եվ մեր երկրի տարածքը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Երբ ասում ենք, որ մենք մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու եք նման բան անում։ Բայց եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, թե մենք ուժեղացնում ենք, որ պատմական արդարությունը վերականգնենք, ապա շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարցն էլ լուծի»,- նշեց Փաշինյանը։