Բլինքենը փետրվարի սկզբին կայցելի Մերձավոր Արեւելքի երկրներ. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 4-8-ին կայցելի Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Կատար, Իսրայել եւ Հորդանան գետի Արեւմտյան ափ, ինչը կլինի նրա հինգերորդ ուղեւորությունն այդ տարածաշրջան հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, նշվել է ԱՄՆ պետդեպարտամնետի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարությունում։
«Պետքարտուղարը կշարունակի համաձայնագրի հասնելու դիվանագիտական ջանքերը, որով կապահովվի բոլոր պատանդների ազատ արձակումը, եւ որը կներառի հումանիտար դադար, որը թույլ կտա կայուն եւ ընդլայնված հումանիտար օգնության առաքում ապահովել Գազայի քաղաքացիական բնակչությանը»,- նշվել է Միլլերի հայտարարությունում։
Ընդգծվել է, որ Բլինքենը կշարունակի աշխատանքը «հակամարտության տարածման կանխման ուղղությամբ՝ միաժամանակ հաստատելով, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր անձնակազմի եւ Կարմիր ծովում ազատ նավագնացության պաշտպանության համար»։
«Պետքարտուղարը կշարունակի գործընկերների հետ քննարկումը ավելի ինտեգրված, խաղաղ տարածաշրջանի ստեղծման վերաբերյալ, ինչն ամուր անվտանգություն կապահովի ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար»,- նշվել է Միլլերի հայտարարությունում։